Ո՞ր դեպքերում է խաղային գործունեության ոլորտում օպերատորը պարտավոր լինելու վերահսկող և լիազոր մարմիններին տեղեկատվություն տրամադրել

ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի կողմից վերահսկող և լիազոր մարմիններին տեղեկատվության տրամադրման կարգն ու ժամկետները։ Նախագծի համաձայն՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորը պետք է պետական համապատասխան մարմիններին հասանելի դարձնի ոչ միայն արդեն հաստատված խախտումների, այլև խախտման հատկանիշներ պարունակող դեպքերի, ռիսկային վարքագծի, տվյալների անհամապատասխանությունների և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ տեղեկությունները։ Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՊԵԿ-ի կողմից հանրային քննարկման դրված նախագիծը։

Նախագծի հիմքում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն է։ Նախագծով սահմանվում է, որ այն ուժի մեջ է մտնելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետով նախատեսված է եղել համապատասխան որոշման նախագիծը ներկայացնել կառավարության հաստատմանը։

Ինչ տեղեկատվություն պետք է տրամադրի օպերատորը

Նախագծով սահմանվում է, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի կողմից տեղեկատվություն պետք է տրամադրվի այն դեպքերի վերաբերյալ, որոնք հայտնաբերվել են կազմակերպիչների կողմից կատարվող գործարքների և հաշվառման տվյալների մոնիտորինգի, տեղեկատվության գրանցման, պահպանման և հաշվառման, վերլուծության ու ռիսկերի գնահատման ընթացքում։

Նախագծի համաձայն՝ խախտում է համարվում օրենքի կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործողությունը, անգործությունը կամ իրադարձությունը։ Օպերատորը պետք է ապահովի հայտնաբերված խախտումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր և վերահսկող մարմիններին, ինչպես նաև այդ տեղեկատվության պահպանումը՝ 5 տարի ժամկետով։

Միաժամանակ, նախագծով տեղեկատվության տրամադրումը չի սահմանափակվում միայն արդեն հաստատված խախտումներով։ Օպերատորը պետք է տեղեկություններ տրամադրի նաև այն դեպքերի վերաբերյալ, որոնք պարունակում են խախտման հատկանիշներ։

Մասնավորապես, տեղեկատվություն պետք է տրամադրվի՝

  • խախտման հատկանիշներ պարունակող դեպքերի,
  • ռիսկային վարքագծի,
  • տվյալների անհամապատասխանությունների,
  • տեխնիկական միջադեպերի,
  • տեղեկատվական անվտանգության դեպքերի,
  • խաղացողների իրավունքների պաշտպանության պահանջների խախտման,
  • պատասխանատու խաղի կանոնների խախտման,
  • ինքնաարգելափակման ցանկում ներառված անձանց մասնակցության,
  • մոնիտորինգային կենտրոնին ներկայացվող տվյալների խեղաթյուրման վերաբերյալ տվյալների մասին։

Միաժամանակ նշվում է, որ այս ցանկը սպառիչ չէ և չի սահմանափակում օպերատորի պարտականությունը՝ լիազոր և վերահսկող մարմիններին տեղեկացնելու կազմակերպչի կողմից կատարված ցանկացած այլ խախտման վերաբերյալ։

Նախագծի առանցքային դրույթներից մեկն այն է, որ խախտում հայտնաբերելու դեպքում օպերատորը էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան բաժնում, ըստ գործառույթների, պետք է ապահովի այդ խախտման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը լիազոր և վերահսկող մարմիններին իրական ժամանակում։ Այս տեղեկատվությունը պետք է ներառի խախտման նկարագրությունը, խախտումը կատարած կազմակերպչի վերաբերյալ ամբողջական տվյալները, խախտման հայտնաբերման ամսաթիվն ու ժամը, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում, խախտման կատարման ժամանակահատվածը։ Համակարգում պետք է հասանելի լինեն նաև խախտումը հիմնավորող տվյալները, փաստաթղթերը կամ էլեկտրոնային գրառումները։ Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաև այլ տեղեկություններ։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է, որ վերահսկող և լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությանը հասանելիություն կստանան ոչ թե սահմանված առանձին պարբերական հաշվետվության միջոցով, այլ էլեկտրոնային կառավարման համակարգում խախտման հայտնաբերմանը հաջորդող իրական ժամանակի ռեժիմով։ Միաժամանակ օպերատորի կողմից տրամադրվող տեղեկատվությունը պետք է ներկայացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների և տեղեկատվական անվտանգության կանոնների պահպանմամբ։

Երբ է տեղեկատվությունը համարվում տրամադրված

Նախագծի 9-րդ կետով սահմանվում է, որ օպերատորի կողմից տրամադրված տեղեկատվությունը վերահսկող և լիազոր մարմիններին ներկայացված է համարվում համակարգի կողմից համապատասխան տեղեկատվության գրանցման պահից։ Այդ գրանցման վերաբերյալ համակարգը պետք է գեներացնի տեղեկատվության գրանցման համար։ Միաժամանակ, լիազոր կամ վերահսկող մարմինները կարող են պահանջել լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր կամ տվյալներ,- տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment