ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ավիաբազա (PAN.am)

Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը, որը գլխավորել է գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը, այցելել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի արևմտյան ավիացիոն հրամանատարության ենթակայությամբ գործող ավիաբազա։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունը։

ՀՀ պատվիրակության անդամների համար շրջայց է կազմակերպվել ավիատեխնիկայի շահագործման և տեխնիկական սպասարկման համար նախատեսված օբյեկտներում, գրում է Sputnik Արմենիան:

Նշվել է, որ այցը նպաստել է ռազմական համագործակցության խորացմանը, փոխըմբռնման ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և օպերատիվ համատեղելիության զարգացմանը։ Այն նաև ամրապնդում է Հնդկաստանի և Հայաստանի միջև ձևավորված պաշտպանական կապերը։

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X սոցիալական ցանցում հայտնել էր, որ Դելին հետաքրքրված է Հայաստանի հետ պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տիեզերական ոլորտներում համագործակցության հետագա զարգացմամբ։

Leave a Comment