Հայաստանում գազը էժան չի, լրագրողների հետ այսօր ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ այլ երկրների հետ համեմատած Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մեծ շահույթներ է ստանում և սա էլ է փաստ, որ մենք պետք է արձանագրենք»,- ասել է նա։
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ բոլոր ոլորտներում Հայաստանը գնալու է դիվերսիֆիկացիայի ճանապարհով։
«Ես նախկինում ասել եմ արդեն, եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք` ինչ կարող ենք թանկացնել։ Կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանա»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ գազի թանկանա, թե՝ չթանկանա՝ Հայաստանը այս ոլորտը դիվերսիֆիկացնելու է։
«Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից բերել գազ կամ երկրորդ տեղից բերել ավելի շատ, մենք գնալու ենք էդ ճանապարհով, եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերել, գնալու ենք էդ ճանապարհով։ Եթե հնարավորություն կա չորրորդ տեղից բերել, մենք էդ ճանապարհով էլ ենք գնալու։ Եթե հնարավորություն կա, որ TRIPP-ով գազամուղ անցնի Հայաստանով, որը մենք այդ թվում տրանզիտային վճարներ կստանանք, էդ ճանապարհով էլ կարող ենք գնալ»,- նշել է վարչապետը։