Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանը սեպտեմբերի 10-ին երկու անգամ զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ կոչ արել հարվածներ հասցնել հութիներին։ Թրամփը հրաժարվել է, Axios— ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։
Առաջին զրույցը տեղի է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքի ուղղությամբ հութիների առաջխաղացման եւ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն ստացող եմենական ուժերի նահանջի ֆոնին։ Մուհամմադ բեն Սալմանը Թրամփին տեղեկացրել է իրավիճակի վատթարացման մասին։
Մի քանի ժամ անց թագաժառանգը կրկին զանգահարել է եւ կոչ արել ԱՄՆ նախագահին հրաման տալ հարվածներ հասցնել։ Թրամփը մերժել է խնդրանքը։
Տես նաեւ՝ Հութիները վերահսկողության տան են վերցրել Մոխա նավահանգիստն ու Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը
Վաշինգտոնը առայժմ չի ծրագրում անմիջականորեն ներգրավվել հութիների դեմ ռազմական գործողություններին, սակայն Սաուդյան Արաբիային կտրամադրի հետախուզական տեղեկություններ եւ թիրախների ընտրության համար անհրաժեշտ տվյալներ։
Մոտ 200 ամերիկացի զինծառայող արդեն գտնվում է Սաուդյան Արաբիայում եւ աջակցություն է ցուցաբերում, որը կապված չէ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության հետ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը սեպտեմբերի 10-ին ժամանել է թագավորություն՝ շտապ համակարգման խորհրդակցությունների համար։
Թրամփի վարչակազմի ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը կենտրոնացած է իր առանցքային շահերի պաշտպանության վրա, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովման, իսկ տարածաշրջանային ավելի լայն խնդիրների լուծմամբ պետք է զբաղվեն Վաշինգտոնի դաշնակիցները։
Axios-ը նշում է, որ ԱՄՆ-ի ուղղակի միջամտության խնդրանքը վկայում է Սաուդյան Արաբիայի դիրքորոշման փոփոխության մասին։ Հուլիսին Էր Ռիադը Վաշինգտոնին հայտնել էր, որ ի վիճակի է ինքնուրույն դիմակայել հութիներին եւ ամերիկյան ռազմական օգնության կարիքը չունի։