Արձագանք ՀՀ կառավարության նոր ծրագրին՝ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հարաբերությունների համատեքստում
Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխել Առաքելական եկեղեցու ղեկավարությունը եւ «արդիականացնել» Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, բարդացնել արտերկրում բնակվող հայերի համար քաղաքացիություն ստանալու գործընթացը եւ սփյուռքից նոր ուժեր, մասնագետներ ներգրավել Հայաստան։ Դրան զուգահեռ, ծրագիրը խոստանում է տնտեսական՝ տարեկան վեց տոկոս աճ։ Արդյո՞ք այս նպատակները համատեղելի են, եւ եթե այո, ապա ո՞ւր են դրանք մեզ տանելու։
Օգոստոսի 20-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց 2026-2031 թվականների իր ծրագիրը։ Օրեր անց խորհրդարանն այն ընդունեց 63 կողմ, 24 դեմ ձայների հարաբերակցությամբ. կողմ էր քվեարկել միայն իշխող կուսակցության խմբակցությունը։
Փաստաթուղթը չափազանց հավակնոտ է։ Այն ազդարարում է միջինը վեց տոկոս տնտեսական աճ, 125,000 նոր աշխատատեղ, հայկական ծագման ապրանքների արտահանման ծավալի կրկնապատկում եւ արդյունաբերական արտադրանքի ծավալների 50 տոկոսով աճ։ Այն շեշտը դնում է Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման (այդ թվում՝ TRIPP նախագծի հիման վրա) եւ արտաքին քաղաքականության վրա, որը երկիրը դուրս կբերի Մոսկվայից ունեցած կախվածությունից։ Այս ամենից շատ բան անհրաժեշտություն է, իսկ որոշ դրույթներ հինգ տարի առաջ նույնիսկ աներևակայելի էին թվում։
Այդուհանդերձ, նման ծավալի աճը պարզապես թղթի վրա որոշումներ կայացնելու հարց չէ, այլ առաջին հերթին՝ մարդկային ռեսուրսի։ Մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը, որը ցանկանում է կրկնապատկել իր արտահանումն ու վերակառուցել արդյունաբերությունը, ունի ինժեներների, կապիտալի, կառավարչական հմտությունների եւ եվրոպական շուկաներ տանող կայուն ուղիների խիստ կարիք։ Այս ռեսուրսների մի զգալի հատվածը գտնվում է Հայաստանից դուրս՝ Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի հայկական համայնքներում եւ ոչ միայն։ Եւ հենց այս կետում ծրագիրը դառնում է ինքն իրեն հակասող։
Նախ՝ Եկեղեցու մասին
Ծրագիրը ներառում է մի առանձին գլուխ՝ «Հոգևոր անվտանգություն» վերնագրով։ Դրանում կառավարությունը պարտավորվում է ապահովել, ինչպես գրված է բնագրում, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը» (հանգստի կոչումը), այնուհետեւ երաշխավորել Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, պարտադրել Եկեղեցու նոր կանոնադրություն, որից հետո միայն կազմակերպել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։ Որպես հիմնավորում բերվում է արտաքին ուժերի՝ փորձերը կանխելու այն մտադրությունը, որ իբր փորձում են Եկեղեցին վերածել հիբրիդային պայքարի հենակետի։
Դիտարկենք այս գործընթացը հայկական իրականությունից դուրս։ Պատկերացրեք որևէ եւրոպական կառավարություն, որն իր հնգամյա ծրագրում գրում է, թե եկեղեցու ո՛ր ղեկավարին է պատրաստվում հեռացնել եւ ինչ հերթականությամբ է կազմակերպելու նրա հաջորդի ընտրությունը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դեռևս օգոստոսի 7-ին սա որակեց որպես անթույլատրելի միջամտություն։ 2025 թվականի հունիսից ի վեր արդեն իսկ ձերբակալվել են եպիսկոպոսական աստիճան ունեցող չորս հոգևորականներ. բուն Կաթողիկոսի եւ վեց այլ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական գործեր են հարուցված։
Ընթերցողը պետք է իմանա, թե ինչ դիրքերից եմ ես սա գրում։ Ես այս Եկեղեցու քահանա եմ եւ Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվն եմ։ Ես անմասն չեմ այս ամենից եւ չեմ էլ պնդում հակառակը։ Ներեկեղեցական խնդիրների, ֆինանսական թափանցիկության կամ հոգեւորականների վարքագծի շուրջ կարելի է եւ պետք է բանավիճել։ Բայց սահմանն անցնում է ոչ թե այնտեղ, որտեղ քննադատությունն անհարմար է դառնում, այլ այնտեղ, երբ պետությունը սկսում է կրոնական համայնքի ղեկավարության փոփոխությունն իրականացնել՝ ըստ իր գծած ժամանակացույցի։ Սա բարեփոխում չէ, այլ միջամտություն եւ բռնազավթում։
Սփյուռքի համար սա ունի շատ պրակտիկ նշանակություն։ Գերմանիայում, Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում Եկեղեցին շատ հաճախ միակ հայկական ինստիտուտն է, որն անընդմեջ գոյատևել է երեք կամ չորս սերունդների ընթացքում։ Նա, ով թուլացնում է Եկեղեցին, թուլացնում է ոչ թե Էջմիածնի վարչական որեւէ միավոր, այլ հենց այն ենթակառուցվածքը, որի միջոցով առհասարակ կազմակերպվում է հայկական կյանքն արտերկրում։
Ի՞նչ է ասում ծրագիրը Սփյուռքի մասին
Ծրագրի՝ Սփյուռքին վերաբերող բաժինը կարճ է։ Այն ազդարարում է հարաբերությունների նորովի կառուցում՝ հիմնված «Իրական Հայաստանի» եւ հայկական պետականության գաղափարի վրա՝ խոստանալով մասնագիտական հայրենադարձություն, երիտասարդական և պրոֆեսիոնալ ցանցերի ստեղծում, կրթական ծրագրեր։ Անշուշտ, սա ավելի ժամանակակից մոտեցում է, քան նախորդ կառավարությունների քաղաքականությունը, որը հիմնականում ուղղված էր զուտ ներդրումների եւ լոբբինգի ապահովմանը։
Միեւնույն ժամանակ, նույն այդ ծրագիրը նախատեսում է քաղաքացիության ինստիտուտի վերարժեւորում՝ խստացնելով արտերկրի հայերի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պայմանները եւ սահմանելով երկրում ռեզիդենտության (բնակության) պարտադիր ցենզ։ Բարձրակարգ մասնագետներ փնտրող կառավարությունն արհեստականորեն դժվարացնում է սեփական երկրի անձնագիր ստանալու գործընթացը։ Պարտադիր չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ այս երկու նպատակներն ուղղակիորեն խանգարում են միմյանց։
Այն, ինչ հիմնովին բացակայում է ծրագրում, հակառակ ուղղությունն է։ Ինչպե՞ս կարող է Սփյուռքն ինքը հզորանալ։ Ինչպե՞ս կարող է այն մասնակից դառնալ համատեղ ռազմավարությունների մշակմանը։ Ի՞նչ կարող է Հայաստանը սովորել այն համայնքներից, որ տասնամյակներ շարունակ գոյատևում են՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում կամ ԱՄՆ-ում։
Սփյուռքը ոչ բանկային հաշիվ է, ոչ էլ քաղաքական աջակիցների խմբակ։ Այն հայկական կյանքի ինքնուրույն բաղկացուցիչ մասն է՝ իր սեփական փորձառությամբ, ինստիտուտներով, կարողություններով եւ շահերով։ Եւ կարծես թե Հայաստանի նախկին եւ ներկա կառավարություններից ոչ մեկը սա լիարժեք չի ըմբռնել։
Երկրների ռազմավարություններ՝ համաշխարհային ծրագրերի փոխարեն
Արդյունավետ սփյուռքյան քաղաքականությունը չպետք է սկսվի ողջ աշխարհի համար մեկ ընդհանուր ծրագիր գրելով։ Գերմանիան Ֆրանսիա չէ, Ֆրանսիան Ռուսաստան չէ, Ռուսաստանն էլ ԱՄՆ-ն չէ։ Շտուտգարտում բնակվող երրորդ սերնդի հայ երիտասարդն այլ հարցեր ունի, քան Ուկրաինայից Բեռլին նոր տեղափոխված հայ ընտանիքը կամ Բեյրութի ավանդական համայնքը։
Ռազմավարական կարեւորություն ունեցող երկրների համար անհրաժեշտ են առանձին երկրների ռազմավարություններ, որոնք կմշակվեն ոչ միայն Երեւանի նախարարություններում, այլեւ այն մարդկանց հետ համատեղ, որ ճանաչում են տվյալ երկիրը. գիտնականների, գործարարների, իրավաբանների, Եկեղեցու եւ այլ կառույցների ներկայացուցիչների, հայ եւ օտարազգի փորձագետների հետ։ Ի՞նչ շահեր ունի Հայաստանը Գերմանիայում։ Որո՞նք են Գերմանիայի շահերը։ Ո՞ր ինստիտուտների հետ պետք է աշխատել։ Սա շատ ավելի արդյունավետ կլիներ, քան Երեւանից միաժամանակ ծրագրեր պարտադրել Բուենոս Այրեսին, Շտուտգարտին, Մոսկվային եւ Լոս Անջելեսին։
Ինքներս էլ պետք է փոխվենք
Այնուամենայնիվ, չափազանց հեշտ կլիներ հայացքն ուղղել միայն դեպի Երեւան։
Գերմանիայի հայ համայնքն ունի բարձրակարգ բժիշկներ, գիտնականներ, գործարարներ, ինժեներներ ու արվեստագետներ գերմանական հասարակության գրեթե բոլոր ոլորտներում։ Սակայն մեր կառույցները հաճախ գործում են տասնամյակներ առաջ ստեղծված մոդելներով՝ կազմակերպչական առումով մասնատված, թույլ ցանցային կապերով եւ քիչ ուղղված երրորդ ու չորրորդ սերունդներին։ Մենք կազմակերպում ենք տոներ, հիշատակի օրեր, պատարագներ։ Սա կարևոր է, բայց սա ռազմավարություն չէ։
Մասամբ նույնիսկ չգիտենք, թե ինչ կարողություններ կան մեր իսկ համայնքում։ Սա ստրատեգիական կորուստ է, եւ դա մեր սեփական մեղքն է։
Անհրաժեշտ է նախեւառաջ գույքագրել այս ռեսուրսները՝ ոչ թե կառավարության համար ցուցակներ կազմելու նպատակով, այլ որպեսզի ինքներս հասկանանք, թե ինչ ունենք։ Սրան գումարվում է այն փաստը, որ մենք այն հասարակության մի մասն ենք, որտեղ բնակվում ու ապրում ենք, այլ ոչ թե պարզապես Հայաստանի ներկայացուցչությունը օրինակ Գերմանիայում։ Գերմանական եկեղեցիների, տեղական ինքնակառավարման մարմինների, բուհերի, խորհրդարանների եւ բիզնես-ասոցիացիաների հետ տեւական կապերը ոչ թե լրացուցիչ առաջադրանք են, այլ մնացած ամեն ինչի հիմքը։ Նույնքան կարեւոր է նաև, որ մենք Սփյուռքում էապես ավելի սերտ համագործակցենք միմյանց հետ։ Համատեղ կրթական ծրագրերը, երիտասարդական հանդիպումները, մասնագիտական ցանցերն ու մշակութային նախագծերը կարող են ստեղծել համաեվրոպական հայկական ենթակառուցվածք՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ ընդունման վրա։
Փոխել հերթականությունը
Այս ամենից, սակայն, չի բխում, թե պետք է հեռանալ Հայաստանից կամ հիմնովին մերժել Հայրենիքի հետ համագործակցությունը (անկախ նրա կուսակցական պատկանելությունից): Այնտեղ, որտեղ կան ընդհանուր շահեր՝ երիտասարդություն, կրթություն, գիտություն, մշակույթ, մասնագիտական կարողություններ և մարդասիրական ծրագրեր, մենք պետք է համագործակցենք։
Բայց հերթականությունը պետք է փոխվի։ Ո՛չ թե՝ Երեւանը գծագրի Սփյուռքի օրակարգը, եւ մենք փնտրենք մեր տեղն այդ ծրագրում։ Այլ՝ մենք ինքներս Սփյուռքում զարգացնենք մեր երկարաժամկետ ռազմավարությունը եւ այնուհետեւ դիտարկենք, թե որտեղ Հայաստանը կարող է մեզ գործընկեր լինել։
Ուժեղ, պրոֆեսիոնալ եւ ինքնավստահ Սփյուռքը Հայաստանի պետության մրցակիցը չէ։ Այն կարող է լինել նրա ամենամեծ ակտիվներից մեկը։ Բայց դրա համար Հայաստանը պետք է սովորի Սփյուռքին ոչ միայն ուղղորդել ու մոբիլիզացնել, այլեւ՝ լսել։ Իսկ մենք Սփյուռքում պետք է դադարենք ենթադրել, որ Երեւանն է կազմակերպելու մեր ապագան։
Տիրատուր քահանա Սարդարյան
29 օգոստոսի, 2026 թ.