Հայաստանյան թեմաներով ռուսական մամուլի անդրադարձներից  

Քաղաքագետ Անդրեյ Կորտունովը ռուսական «Նյուզ.ռու» (news.ru) լրատվականի հետ զրույցում  հայտարարել է, թե Հայաստանը կպահպանի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ մինչեւ Եվրոմիության հետ բոլոր անհամատեղելիությունների կարգավորումը: Նա ընդգծել է, թե Երեւանը պատրաստ չէ կորցնել իր ներկայիս տնտեսական օգուտները, չնայած շարունակում է հրապարակայնորեն խոսել դեպի եվրոպական ինստիտուտներ ուղեգծի մասին: 

Մասնագետի կարծիքով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ եվրոինտեգրման վերաբերյալ ժողովրդական քվեարկության արդյունքները բավականաչափ «համոզիչ» չեն լինի: Այդ պատճառով նա չի չեղարկում այն   օրենքը, որը հռչակում է Երեւանի ընթանալը դեպի ԵՄ, բայց առանց միությանը միանալու:

«Ինչ մնում է այն բանին, թե ինչպես է դա արվելու եւ ինչպես է դա հարաբերակցվելու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այս հարցում կարծիքները տարբեր են: ՀՀ ղեկավարության դիրքորոշումն այն է, որ մինչեւ ԵՄ-ի հետ ապագայի որոշակիացումը երկիրը պատրաստ է պահպանել Եվրասիական տնտեսական միության բոլոր կանոնները, նորմերն ու չափանիշները: Այստեղ հայտարարում են, որ միությունից դուրս գալու մտադրություն չունեն եւ  Հայաստանին հեռացնելու հիմքեր չկան, քանի որ այն չի խախտում ԵԱՏՄ-ի գործունեության որևէ մեխանիզմ»,- պարզաբանել է «նյուզ.ռու»-ի աղբյուրը:

Նա հավելել է, որ Ռուսաստանն այլ տեսակետ ունի: Նույնիսկ եթե պաշտոնական խախտումներ չլինեն, Երեւանի անդամակցության ժամանակավոր կարգավիճակը նման գործընկերությունը դարձնում է Մոսկվայի համար ոչ ձեռնտու:  Քաղաքագետը պարզաբանել է, որ ըստ Ռուսաստանի ղեկավարության, եթե Հայաստանը ԵԱՏՄ-ին իր մասնակցությունը դիտարկում է որպես ԵՄ-ին միանալուց առաջ միջանկյալ փուլ, ապա Մոսկվան հետաքրքրված չէ նման սցենարով:

«Սա փաստացի կնշանակեր անուղղակիորեն սուբսիդավորել Հայաստանի ընթացքը դեպի Եվրոպա: Եթե Եվրոմիությանը նրա անդամակցության հարցում ամեն ինչ լավ ընթանա, ապա Երեւանը, իհարկե, դուրս կգա ԵԱՏՄ-ից: Սակայն հարցն այն է, թե երբ եւ ինչ պայմաններով»,- եզրափակել է Կորտունովը:

Ռուսական մամուլը ակտիվ հետեւում է հայաստանյան հատկապես այն իրադարձություններին, որոնք կապված են երկու երկրների հարաբերությունների խնդիրներին եւ մեր տարածաշրջանում ՌԴ շահերին: Մի շարք հրապարակումներ վերաբերում են Գյումրիում ռուսական ռազմաբազայի խնդրին: Մասնավորապես «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը գրում է, թե Եվրասիական վերլուծական ակումբի տնօրեն Նիկիտա Մենդկովիչը «ԹՂՏՍցրպ Mail»-ին արած մեկնաբանությունում չի բացառել դրա փակումը, եթե շարունակվի Երեւանի եւ Մոսկվայի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի միջեւ հարաբերությունների խզումը:

Մենդկովիչը նկատել է, թե հաշվի առնելով, որ այս բազան ներկայումս պակաս կարեւոր է, քան 15-20 տարի առաջ, Ռուսաստանը կարող է փակել այդ օբյեկտը՝ առանց պաշտպանական կարողությունների զգալի կորստի, այդպիսով լիովին վերացնելով որեւիցե կախվածություն Երևանից: Նա նշել է, որ Սիրիայում գործող ռուսական ռազմաբազաների եւ Աֆրիկայում Ռուսաստանի ավելի ու ավելի ակտիվ ներկայության պայմաններում Հայաստանը զգալի չափով վերածվում է թիկունքային բազայի՝ առանց ունենալու պաշտպանության եւ ռազմավարական զսպման ամրապնդման առումով ինքնուրույն նշանակություն:

Նույն թեման, ըստ «Նյուզ.ռու» լրատվականի, արծարծվել է նաեւ ՌԴ Պետդումայում: Դումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ Գյումրիից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը կարող է խախտել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը: Նրա խոսքով, Հայաստանի  անվտանգությունը փխրուն է չկարգավորված հարցերի (այդ թվում՝ հարեւան Թուրքիայի հետ) պատճառով: Կոլեսնիկի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի նման քայլերի ռազմավարական ռիսկերը եւ խուսափի պաշտպանական հարցերում քաղաքական մանեւրումից: Նա նաեւ հիշեցրել է, թե ռուսական զորախմբի տեղակայումը կարգավորվում է երկարաժամկետ երկկողմ համաձայնագրով, ուստի վերջնական որոշումը պատկանում է Ռուսաստանի ղեկավարությանը:

Մեզ հանդիպած ռուսական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես վկայակոչելով «նյուզ.էյ-էմ» հայկական լրատվական գործակալության ամսույս 7-ի հաղորդումը, անդրադարձել են Իրանի, ըստ հաղորդման, «կոշտացած» դիրքորոշմանը «Թրամփի ուղու» հարցին; Մինչ այդ՝ ամսի 4-ին այդ ուղու վերաբերյալ հրապարակմամբ էր հանդես եկել ռուսական «ՌուՆյուզ24.ռու»-ն: «Այսպես կոչված «Թրամփի երթուղին» Հայաստանի տարածքով… Արեւմուտքին, ամերիկացիներին  թույլ է տալիս  իրենց զորքերը կամ մասնավոր ռազմական ընկերությունները, հետախուզական ենթակառուցվածքները տեղակայել անմիջապես Հայաստանի տարածքում՝ Իրանի հետ սահմանին մոտ»,- ըստ լրատվության՝ ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը: Թեհրանի դիրքորոշումը մնում է զգուշավոր: Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Երեւանը պետք է մշակի երթուղու օգտագործման մեխանիզմ՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության համար ռիսկերը: Իրանցի նախկին պաշտոնյաներն ավելի կոշտ     գնահատական     ունեն նախագծի վերաբերյալ. խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամալի Հադդադ Ադելը նշել է, թե ԱՄՆ-ն եւ  Իսրայելը փորձում են արգելափակել Իրանը Եվրոպայի հետ կապող հիմնական երթուղիներից մեկը: Նախագծի մանրամասները, ինչպես ասվում է, Մոսկվայում ու Թեհրանում զգուշավորություն են հարուցում:  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Leave a Comment