Բյուրակն Իշխանյան. «Փորձում են սփյուռքին հնարավորինս թշնամացնել Հայաստանում բնակվողների հետ եւ՝ ընտրությունների արդյունքներն ավելի կառավարելի դարձնել»

«Ազգի»  օգոստոսի 8-ի, սեպտեմբերի 4-ի համարներում ներկայացրել ենք  տարբեր երկրներում՝ Կանադայում եւ ԱՄՆ-ում բնակվող ՀՀ երկու քաղաքացու կարծիք, որ դեմ են 2026 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-361-Ն օրենքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությանը, որի համաձայն՝ ԱԺ ընտրություններին ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, որ քվեարկության օրվան նախորդող 730 օրվա ընթացքում ՀՀ-ում փաստացի գտնվել են առնվազն 366 օր: Ստորեւ ներկայացնում ենք օգոստոսի 25-ին ուժի մեջ մտած օրենքի դեմ Դանիայում բնակվող գիտնական, գրող Բյուրակն Իշխանյանի կարծիքը, որ նախորդների՝ Եվա Հակոբյանի, Արմեն Գրիգորյանի նման պատասխանում է «Ազգի» հետեւյալ հարցերին՝

1-Ձեր մասին համառոտ տեղեկագիր. ի՞նչ նպատակով եք ՀՀ-ից դուրս բնակվում, մասնակցո՞ւմ եք Հայաստանի կյանքին, ինչպե՞ս:

2-Հունիսի 7-ի ընտրությանը մասնակցե՞լ եք: Եթե այո, ՀՀ եք մեկնել հատուկ ա՞յդ նպատակով: Նախորդ տարիներին մասնակցե՞լ եք ընտրություններին:

3-  Ընտրություններին մասնակցելն իրավո՞ւնք է, թե՞ արտոնություն: Թե՞ երկուսը միաժամանակ:

4-ՀՀ քաղաքացիություն ունենալը արտերկրում բնակվողիդ ի՞նչ է տալիս:

5-Կարծում եք ճի՞շտ է հետեւյալ ձեւակերպումը՝ Երբ ես չեմ ընտրում, իմ փոխարեն ուրիշներն են որոշում քաղաքացիությամբ, անձնագրով  ինձ շնորհված երկրի ներկան եւ ապագան:

6- Դուք ՀՀ-ում ունեք հաշվառում, բայց ամիսների  ֆիզիկական բացակայության պատճառով զրկում են ընտրություններին մասնակցել. Դրանով ավելի շատ ՀՀ-ում ժողովրդավարությո՞ւնն են թուլացնում, սփյուռքի՞ դեմ են պատժամիջոց սահմանում,, թե՞ ձեզ առիթ են տալիս, որ 2 տարվա մեջ ավելի շատ լինեք այն երկրում, որի քաղաքացին եք (որ՝ առավել կապվեք):

7-Ընտրություններին մասնակցելու սահմանափակումը կարելի՞ է դիտարկել որպես պետության անվտանգության սպառնալիք: Եթե այո, հիմնավորեք:

8- Եթե ՀՀ-ն ընտրել է ԵՄ-ին մերձենալու ուղին, ապա այս սահմանափակումը  հետընթաց չէ՞, կամ՝ ո՞ր երկրի օրինակին է հետեւում: (ԵՄ երկրների մի մասի քաղաքացիները ընտրությանը մասնակցում են նաեւ այլ երկրներում գտնվելով՝  քվեարկում են դեսպանություններում կամ փոստային առաքմամբ):

1. Բյուրակն Իշխանյան– բնակվում եմ Դանիայում արդեն տասներկու տարի: Պատճառները շատ բարդ է բացատրելը, բայց երեւի մի նախադասությամբ կասեի, որ դանիական համակարգը շատ ավելի մոտ է իմ արժեհամակարգին, դրա համար էլ այստեղ եմ: Հայաստանի կյանքին շատ ակտիվ մասնակցում եմ. գրող եմ, ու իմ գրքերը Հայաստանում են տպագրվում ու վաճառվում, հայ ընթերցողի համար են: Նաեւ թարգմանություններ ու այլ աշխատանք եմ կատարում Հայաստանի համար: Ընտանիքս Հայաստանում է: Շատ մոտիկից հետեւում եմ քաղաքական կյանքին, տարին երկու անգամ գալիս եմ Հայաստան:

2. Այս տարվա ընտրություններին չեմ մասնակցել էն պարզ պատճառով, որ պարզապես չէի կողմնորոշվում, թե ում ընտրել: Բայց 2021-ին ինքնաթիռի տոմս եմ գնել ու հատուկ ընտրություններին մասնակցելու նպատակով եկել եմ Հայաստան: Նախորդ ընտրություններին էլ մասնակցել եմ մեկումեջ:

3.  Ընտրություններին մասնակցելը ցանկացած քաղաքացու իրավունքն է: Ժամանակակից լիբերալ ժողովրդավարության հիմնաքարարերից մեկը հենց այդ իրավունքն է: Վերցնում ես իրավունքը, ուրեմն այլեւս չես կարող լիբերալ ժողովրդավարություն կոչվել:

4. Առաջին հերթին՝ իրավական կապ Հայաստանի հետ: Այսինքն՝ նույնիսկ եթե էս պահին Հայաստան տեղափոխվելու նպատակ չունեմ, ես չգիտեմ վաղն իմ կյանքում կամ աշխարհում ինչ կփոխվի, ու գուցե գա պահ, որ ուզենամ նորից Հայաստանում բնակվել:

5. Այո, ընտրությունների չգնալ նշանակում է լուռ համաձայնել մյուսների ընտրության հետ: Բայց հիմա նաեւ շրջանառում են այն թեզը, թե «իմ փոխարեն երեխաների ապագան չպիտի դրսի ապրողը որոշի»: Ես ընտրությունների գնալով իրենց փոխարեն չեմ որոշում, այլ ինձ ու իմ երեխայի համար եմ որոշում իմ երկրի ապագան:

6. Կարծում եմ՝ առաջին երկուսը: Որպես պատժամիջոց չէի ասի, ուղղակի փորձում են սփյուռքին հնարավորինս թշնամացնել Հայաստանում բնակվողների հետ, ու սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որ ներկայիս իշխանություններն անում են այդ անդունդը մեծացնելու համար: Հետո, էսպիսով փորձում են ընտրությունների արդյունքներն ավելի կառավարելի դարձնել: Իհարկե, քարոզչական թեզն այն է, թե Ռուսաստանից ուղղորդված գալիս են, կոնկրետ ուժի ընտրում: Բայց այդ թեզին հավատացողները, կարծում եմ, լավ չեն պատկերացնում, թե ինչ ահռելի լոգիստիկա է պահանջում նման բան անելը, ու եթե որեւէ քաղաքական ուժ կարողանար դա անել, ես կզարմանայի, որ իշխանության չկարողանային գալ: Բացի դրանից, սփյուռքում բնակվողներն էլ ազատ կամք ունեն, ու շատ դժվար է մարդկանց ուղղորդելը, որ իրենց առօրյայից կտրվեն, գան Հայաստան, ընտրեն, գնան:

Իսկ Հայաստանում լինելու քաջալերելու մասով՝ վստահ եմ, որ նման նպատակ չկա: Ուղղակի էսպիսի փաթեթավորմամբ փորձում են դա կապել հարկատուի հետ, իսկ այս թեզի կողմնակիցների համար շատ լավ քարոզչական հնարք է ընտրելու իրավունքը հարկ վճարելու հետ կապելը, որովհետեւ հետո շատ ավելի հեշտ կլինի այլ մարդկանց ընտրելու իրավունքը սահմանափակել. թոշակառուներ, գործազուրկներ, ուսանողներ եւ ընդհանրապես բոլոր նրանք, որ հարկ չեն վճարում:

7. Այո, ընտրություններին մասնակցելու սահմանափակումը պետության անվտանգության սպառնալիք է: Հայաստանի անվտանգության համար խիստ անհրաժեշտ է, որ կայացած ժողովրդավարություն ունենանք առանց արտաքին միջամտությունների, որովհետեւ Հայաստանի գոյությունն առաջին հերթին հենց ժողովրդավարությամբ է հակադրվում Ադրբեջանին: Ժողովրդավար պետությունում քաղաքացիների կյանքն ավելի անվտանգ է: Իսկ ժողովրդավարությունը սահմանափակելով սահմանափակվում է նաեւ քաղաքացիների անվտանգությունը, ինչի արդյունքում պարարտ հող է ստեղծվում Հայաստանում թուրքական միջամտության:

8. Իհարկե հետընթաց է: Եվրոպական որեւէ երկիր չկա, որ ավելի ազատ իրավունքից անցել է ավելի սահմանափակված իրավունքի, այլ ճիշտ հակառակն է՝ տարիների ընթացքում ընդլայնում ու հեշտացնում են ընտրություններին մասնակցելու իրավունքը: Դիտարկենք հենց Դանիայի օրինակը: Այստեղ առաջին անգամ ընտրելու իրավունքն ամրագրվել է 1849-ի սահմանադրությամբ, բայց այն ժամանակ ընտրելու իրավունք ունեին միայն 30 տարին լրացած ֆինանսապես ապահով տղամարդիկ: Տարիների ընթացքում այդ իրավունքն ընդլայնվել է:

Օրինակ՝ 1915-ից ընտրելու իրավունք ստացել են նաեւ կանայք: Այսօր Դանիան շարունակում է մնալ այն քիչ պետություններից, որտեղ դրսում ապրող քաղաքացին ընտրելու իրավունք չունի, բայց այս հարցը քննարկվում ու քննադատվում է ու լուծում է փնտրվում. սա 1953-ի սահմանադրությամբ է ամրագրված, իսկ սահմանադրությունն էստեղ այնքան էլ հեշտ չի փոխվում, ոչ էլ սահմանադրությանը հակասող օրենքներ են ընդունվում: Միեւնույն ժամանակ, պայմաններ են ստեղծված, որ եթե ընտրությունների օրը քաղաքացին երկրում չէ, այլ տարբերակով ընտրի (դիվանագիտական ներկայացուցչություններում կամ նախապես նամակով): Իսկ Հայաստանն ի՞նչ է անում: Ի սկզբանե շատ ավելի ժողովրդավար սահմանադրությանը հակասող հակաժողովրդավարական օրենք է ընդունվում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Leave a Comment