74 երկրի նախարարների այցը Երևան․ կառավարությունը 93.5 մլն դրամ կհատկացնի

ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից 93.5 մլն դրամ կհատկացվի՝ Երևանում կայանալիք COP17-ի Բարձր մակարդակի հատվածին 74 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը ֆինանսավորելու համար։ Գումարը նախատեսվում է ուղղել պատվիրակների ավիատոմսերի և Երևանում մինչև երեք օրվա կեցության ծախսերին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 11-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության միջև 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի «Հավելված Զ»-ի (կցվում է) համաձայն՝ ձեռք է բերվել համաձայնություն, որ հյուրընկալող երկրի կառավարության կողմից ֆինանսավորվելու են «Առավել թույլ զարգացած երկներից» (LDCs) և «Փոքր կղզի զարգացող պետություններից» (SIDS) 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը։

COP17-ի շրջանակներում 2026 թվականի հոկտեմբերի 27-ից 28-ը Երևանում կայանալիք Բարձր մակարդակի հատվածին (High-Level Segment) մասնակցելու համար՝ առաջարկվում է ֆինանսավորել վերոհիշյալ երկրների բարձրաստիճան 1-ական պատվիրակի (նախարարի մակարդակով) մասնակցության հետ կապված ծախսերը։

COP17-ի շրջանակներում Երևանում կայանալիք Բարձր մակարդակի հատվածին 74 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը ներառում են ավիատոմսի և Երևան գործուղման հետ կապված ծախսերը՝ առավելագույնը 3 օրվա հաշվարկով։

Բարձրաստիճան ներկայացուցիչների Երևան գործուղման ծախսերի հաշվարկի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի կողմից 2026 թվականի հուլիսին հրապարակված (կցվում է) օրապահիկ/գիշերակաց շրջաբերականը (Daily Subsistence Allowance Circular), համաձայն որի՝ Երևան քաղաքի մեկ գիշերվա համար սահմանված է 213 ԱՄՆ դոլար։ Մեկ պատվիրակի համար ավիատոմսի միջին գինը հաշվարկված է 2,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով։ Ռիսկերը (փոխարժեքի տատանումներ կամ ավիատոմսի միջինացված գնից շեղումներ) նվազեցնելու նպատակով՝ հաշվարկվել են նաև 10 տոկոսի չափով չնախատեսված ծախսեր։

Բարձր մակարդակի հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչների կեցության և հյուրանոցային ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկի 10-րդ կետի՝ պատվիրակությունների ընդունման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հիմքով։

Բարձր մակարդակի հատվածի բարձրաստիճան ներկայացուցիչների ավիատոմսերի գնումը կամ հատուցումը նախատեսվում է իրականացնել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 23-րդ կետի   4-րդ ենթակետով նախատեսված ցանկի 44-րդ կետի հիմքով՝ ստանալով Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը՝ յուրաքանչյուր առանձին դեպքում գնման գործընթացի կազմակերպման նպատակով։ Ավիատոմսերի ձեռքբերումը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի կողմերի համաժողովների կազմակերպման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերմամբ, և դրա կազմակերպումը, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ի N 1704-Ն որոշման հավելվածով հաստատված ավիատոմսերի ձեռքբերման պայմաններով, հնարավոր չէ՝ պայմանավորված երկրների տեղաբաշխման աշխարհագրությամբ և ավիատոմսերի յուրաքանչյուր դեպքի գնման առանձնահատկությամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը հատկացնել 93.5 մլն դրամ։ Հաշվարկը կատարված է ՀՀ կենտրոնական բանկի կողմից՝ 2026 թվականի հուլիսի 27-ին սահմանված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքով (365.87)։

Ակնկալվող արդյունքը

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հետ կապված միջոցառման պատշաճ կազմակերպում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ պետական բյուջեի 2026 թվականի ծախսերը կավելանան 93.5 մլն դրամի չափով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետությանկառավարության       2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.10 բաժնի «շրջակա միջավայրի կառավարման ոլորտում գործող միջազգային կառույցների հետ շարունակական համագործակցությունը, նոր նախաձեռնություններին մասնակցությունը» ուղղությունից։

Leave a Comment