Ռուս-ուկրաինական պատերազմի տարիներին Ուկրաինայի հայ համայնքի կյանքում շատ բան է փոխվել՝ առօրյայից մինչև համայնքային աշխատանքի կազմակերպում։ Օդային տագնապներն ու հարվածների վտանգը դարձել են այդ առօրյայի մի մասը։ Իսկ Կիևի պատմական Պոդոլ թաղամասում օրերս կյանքի է կոչվել մեկ այլ նախաձեռնություն՝ նշագրվել է հնամենի Հայկական թաղամասը։
Ռուս-ուկրաինական պատերազմը համայնքային կյանքը հարմարեցրել է նոր պայմանների։ Օդային տագնապները, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների վտանգն անմիջականորեն ազդում են մարդկանց առօրյայի և համայնքային աշխատանքի վրա։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ «Ռադիոլուրի» զրույցն անցել է հենց Կիևում օդային տագնապի պայմաններում։
«Կոնկրետ Կիև ու Օդեսան ենթարկվում են նոր, էսպես ասած Ռուսաստանի կողմից ճնշման, մենք արդեն չունենք առավոտ, երեկո, ցերեկ, գիշերը։ Անընդհատ մենք անօդաչու սարքերի ճնշման տակ ենք՝ 24 ժ, չհաշված, որ հրթիռները։ Հրթիռներով խփում են Կիևի և Օդեսային ամեն գիշեր»։
Եվ հենց այս զրույցի ընթացքում հնչում է տագնապի ազդանշանը։
Պատերազմի պայմաններում համայնքային կյանքի ռիթմը կախված է այդ պահի իրավիճակից։ Մարդկանց տեղաշարժը պատերազմի տարբեր փուլերում փոխվել է․ Ուկրաինայից հեռացել են բազմաթիվ հայ ընտանիքներ, թեև նրանց մի մասը հետագայում վերադարձել է։ Համայնքի թվաքանակի փոփոխության մասին, սակայն, հստակ տվյալներ չկան՝ ասում է Դավիթ Մկրտչյանը։

«Մենք մի քանի անգամ՝ 22, 23, 24 թվականներին, դիմել ենք Ուկրաինայի սահմանապահ ծառայությանը, որ կարողանանք ստանալ ցուցակներ, թե ինչքան ազգությամբ հայ է դուրս եկել, քանի վերադարձ է եղել, բայց պատերազմի նման տվյալներ չեն կարողացել մեզ տրամադրել»։
Չնայած դրան՝ համայնքային կառույցները շարունակում են գործել։ Աշխատում են երիտասարդական ու կանանց կազմակերպությունները, դպրոցներն ու մանկապարտեզները։ Խնդիրները հատկապես սրվում են ձմռանը՝ հոսանքի և ջեռուցման անջատումների ժամանակ։
«Գործը եռում է, աշխատում ենք տեղերում, երիտասարդական կազմակերպությունը աշխատում է, կանանց կոմիտեն աշխատում է, դպրոցները աշխատում են, պարտեզները աշխատում են։ Ուրիշ հարց է, որ ձմեռը, երբ չունենք լույս, չունենք ջեռուցում, կարող է ընդմիջում լինի և, օրինակ, հավաքվեն այն օրերին, երբ գիտենք գրաֆիկով, որ լույսն ու ջեռուցումը կլինի»։
Ուկրաինայի հայկական պատմության մեջ օրերս նոր էջ է բացվել Պոդոլում։ «Կորսված Կիև» պատմալուսավորչական նախագծի շրջանակում այստեղ տեղադրվել են տեղեկատվական ցուցանակներ, որոնք նշում են միջնադարում գոյություն ունեցած հայկական թաղամասի սահմաններն ու հայկական եկեղեցու գտնվելու վայրը։ Քաղաքի այս հատվածում հայկական պատմությունն արդեն միայն մասնագիտական ուսումնասիրությունների կամ համայնքային հիշողության մաս չէ․ դրա մասին կարող է իմանալ նաև անցորդը։
Հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում այս տարածքում հայտնաբերվել են հին հայկական խաչքարեր և գերեզմաններ։ Պատմական տվյալները վկայում են 14-17-րդ դարերում գոյություն ունեցած հայկական թաղամասի մասին, իսկ ցուցանակներից մեկը նշում է նաև 14-րդ դարի քարե հայկական եկեղեցու տեղը։
Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը պատմում է, թե ինչպես է նախաձեռնությունը կյանքի կոչվել։
«Դա պետության առաջարկությունն է եղել, բայց, իհարկե, համայնքը մասնակցել է․ և եկեղեցին, և Ուկրաինայի թեմը, և Ուկրաինայի հայրերի միությունն էլ մասնակցել են։ Եղել է համատեղ, որ ազգային փոքրամասնությունները պետությունում ավելի ամրապնդվեն ու լինեն ավելի մոտ տեղացիներին, տեղի ժողովրդին՝ ուկրաինացիներին»։
Համայնքի ներկայացուցչի խոսքով՝ հայերի մշակութային ներկայությունը միայն Կիևով չի սահմանափակվում։ Հայկական «ձեռագիրը» կա Ուկրաինայի այլ քաղաքներում էլ, հատկապես՝ երկրի արևմտյան հատվածում։
Տես նաև՝ Կիեւում ներկայացվել են քաղաքի հայկական հնագույն թաղամասի սահմաններն ու պատմությունը