Գագիկ Խաչատրյանը հիվա՞նդ է, թե՞ սիմուլյանտություն է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գագիկ Խաչատրյանը հիվա՞նդ է, թե՞ սիմուլյանտություն է անում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սիմուլյանտին տարել են ճիշտ էն տեղը, որտեղ պետք ա տանեին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը վերաբերվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին, որը սեպտեմբերի 1-ին ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց։

Մինչ պաշտպանական կողմը խոսում է ծանր առողջական վիճակի և անհապաղ վիրահատության անհրաժեշտության մասին, քրեական վարույթի շրջանակում մեկ այլ ուշագրավ հանգամանք կա․ դատախազությունն առաջարկել է Խաչատրյանին ՄՌՏ հետազոտություն անցնել, ինչից նա հրաժարվել է։

Ի՞նչն է պատճառը։ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասում է. 

«Երբ սիմուլյանտության մասին խոսում ենք, պետք է հասկանանք, որ հիվանդություն չունի, ձևացնում է, որ կա հիվանդություն։ Իրենց վերջին դատաբժշկական փորձագետի եզրակացության մեջ ևս մանրամասն նշված է, որ ունի բազմաթիվ հիվանդություններ»։

Փաստաբանի խոսքով՝ առողջական խնդիրների մասին խոսելը նորություն չէ։ Նրա պնդմամբ՝ դեռ 2019 թվականից Խաչատրյանը դատախազության պահանջով առնվազն 6-7 անգամ ՄՌՏ հետազոտություն է անցել։

Եվս 5-6 հետազոտություն, ըստ պաշտպանի, կատարվել է Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ առողջական վիճակից ելնելով։

Այսինքն՝ ՄՌՏ հետազոտությունը նրա համար անծանոթ կամ առաջին անգամ առաջարկվող բժշկական միջամտություն չէ։

Սակայն 2026 թվականին իրավիճակը փոխվել է․ դատախազությունը կրկին առաջարկել է հետազոտություն անցնել, իսկ Խաչատրյանը հրաժարվել է։

Պաշտպանական կողմը պատճառը կապում է հետազոտության անցկացման պայմանների հետ։

«ՄՌՏ-ն անցնում է կոնկրետ հանգամանքներով, այսինքն՝ քնեցումով կամ նարկոզով, կամ դեղամիջոցով, որը հետագայում նրա առողջական վիճակի բացասական ազդեցություն է տալիս»։

Փաստաբանի խոսքով՝ իրենք առաջարկել են դատախազությանը հիմք ընդունել 2025 թվականի ՄՌՏ-ի արդյունքները։

Բայց այստեղ էլ անհասկանալի է՝  եթե նախկինում Խաչատրյանը ՄՌՏ հետազոտություններ անցել է, ինչո՞ւ է հիմա հրաժարվում նոր հետազոտությունից։

Radar Armenia-ի այս հարցին Երեմ Սարգսյանը նշեց պատճառները։

«Կլաուստրոֆոբիան է, որը, որ նախկինում մինչև էս քրեական պրոցեսները ևս նույն եղանակով է կատարվել։ Այսինքն՝ այնպես չէ, որ նոր է սա կատարվում։ Եվ նաև ուսահոդերի՝ պարանոցի հատվածի ցավերի պայմաններում, նույն անշարժ վիճակում էդ դիրքում գտնվելը, հատկապես, որ կորսետ է դրված պարանոցային հատվածում, ուղղակի անհնար է։ Բայց դա հանգեցնում է նյարդայոգեբանական վիճակի վատացման։ Իսկ էս հիվանդությունը կոնկրետ նյարդային, նյարդաբանական հիմք ունի»։

Միևնույն ժամանակ, Խաչատրյանի նկատմամբ հարուցված նոր քրեական հետապնդումն առողջական վիճակի շուրջ քննարկումներից շատ ավելի լայն է։

Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և փողերի լվացման հոդվածներով։

Դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և նրան կալանավորել երկու ամսով։

Սեպտեմբերի 2-ից Խաչատրյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

71-ամյա նախկին պաշտոնյային այսօր էլ դատարան էին բերել շտապօգնության մեքենայով՝ պատգարակի վրա։ Նա չի կարողացել ինքնուրույն քայլել։

Նիստից հետո նրան կրկին պատգարակով տեղափոխել են կալանավայր։

Նշենք՝ քննչական կոմիտեն ավելի վաղ խուզարկություններ էր իրականացրել Խաչատրյանին պատկանող առանձնատանը և փոխկապակցված ընկերություններում։

Ըստ հաղորդված տվյալների՝ խուզարկությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ զենքեր, ժամացույցներ և հուշանվերներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment