Հութիները գրավել են Եմենի առանցքային նավահանգիստը Կարմիր ծովում. Reuters-ի աղբյուրներ

Իրանի հետ կապեր ունեցող հութի զինյալներն այսօր վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովում Եմենի Մոխա նավահանգստի նկատմամբ՝ է՛լ ավելի վտանգելով էներգակիրների համաշխարհային մատակարարումները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:

Եմենի կառավարությունից չորս ռազմական աղբյուրներ հայտնել են, որ հութիները հավելյալ լծակներ են ձեռք բերել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի՝ աշխարհի կարևորագույն ջրային ուղիներից մեկի նկատմամբ, և հարձակումներ են գործում ռազմավարական Հանիշ կղզիների վրա:

Reuters-ը նշում է, որ հութիները Իրանի կողմից ներգրավվեցին ընթացող պատերազմում՝ մարտի 28-ին հարձակվելով Իսրայելի վրա, բայց հիմնականում հանդարտ էին մինչև հուլիսին Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում հայտարարելը և սեպտեմբերին թագավորության դեմ հարձակումներն ուժգնացնելը:

Սաուդյան Արաբիան, որը նավթի ամենախոշոր արտահանողն է աշխարհում, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցի փաստացի փակվելուց հետո հենվում է Կարմիր ծովի ջրային ուղու վրա:

Հորմուզի նեղուցով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:

Էր-Ռիյադը Պակիստանի միջոցով զգուշացրել է Իրանին՝ զսպել իր հութի դաշնակիցներին: Սակայն, ինչպես իրանցի մի բարձրաստիճան պաշտոնյա է փոխանցել, Թեհրանը պատասխանել է, թե չի վերահսկում հութիներին:

Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով նավթի մատակարարման ուղիների խիստ խաթարված լինելու հետևանքով Brent տեսակի նավթի գինը երեկ գերազանցեց 100 դոլարը մեկ բարելի դիմաց:

Leave a Comment