
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Մոլդովայից Նորվեգիա նախատեսված չվերթը հետաձգվել է երկրի օդային տարածքում անօդաչու թռչող սարքի հայտնվելու պատճառով, հայտնել է Մոլդովայի կառավարության խոսնակ Դումիտրու Չորիչը։
Միջադեպի հետևանքով Մոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, և հետաձգվել է երեք չվերթ, այդ թվում՝ Զելենսկու ինքնաթիռինը։ Սահմանափակումների վերացումից հետո Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը մեկնել է Օսլո։
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Զելենսկու ինքնաթիռը «գրեթե բախվել է» ԱԹՍ-ի հետ։ Ավելի ուշ նրա գրասենյակից պարզաբանել են, որ հայտնի չէ, թե անօդաչու սարքն իրականում որքան մոտ է եղել ինքնաթիռին։
Մոլդովայի ոստիկանությունը Ռիշկանի շրջանի դաշտերից մեկում հայտնաբերել է կործանված ԱԹՍ։ Հարվածի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել և մեծ խառնարան առաջացել։ Սարքը պարունակել է մետաղական գնդիկների տեսքով խոցող տարրեր։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան DW-ին հայտնել է, որ խոսքը ռուսական ռեակտիվ ԱԹՍ-ի մասին է։ Առայժմ որևէ հաստատված տեղեկություն չկա, որ միջադեպը Զելենսկու դեմ կանխամտածված մահափորձ է եղել։