ԱՄՆ-ն նախատեսում է մինչև 2035 թվականը տարեկան տիեզերական արձակումների թիվը հասցնել 10 հազարի՝ ուղեծրի յուրացման ոլորտում նոր նախաձեռնությունների շնորհիվ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։ «Մենք նպատակ ունենք մինչև 2035 թվականը տարեկան տիեզերական արձակումների թիվը հասցնել 10 հազարի», — գրել է Դաֆին X սոցիալական հարթակում։
Նա նաև հայտնել է, որ շուտով կգործարկվի նախարարության նոր ծրագիրը, որի նպատակն է առևտրային ընկերություններին հնարավորություն տալ զգալիորեն ավելացնել արձակումների քանակը։ Դա նախատեսվում է իրականացնել բյուրոկրատական խոչընդոտների նվազեցման և տիեզերքի յուրացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնման միջոցով։
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հուշագիր, որը նախատեսում է մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում տարեկան տիեզերական արձակումների թիվը հասցնել 1 հազարի։ Այս նոր նախաձեռնությունը սահմանում է արդեն ավելի հավակնոտ նպատակ՝ մինչև 2035 թվականը այդ ցուցանիշը հասցնել 10 հազարի։
