Սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերներին` նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ, հայտնում է Պաշտպանի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու իրավունքի պատշաճ երաշխավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման գործընթացներում հանրության մասնակցության և բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիության ապահովման կարևորությանը։
Զրուցակիցները քննարկել են նաև առաջիկայում նախատեսվող համատեղ նախաձեռնություններն ու միջոցառումները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և դրա շրջանակում նախատեսվող միջոցառումներին։
Պաշտպանը կարևորել է մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու իրավունքի պատշաճ երաշխավորմանն ուղղված արդյունավետ համագործակցությունը և այս ոլորտում իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։