Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին մասնակցության հրավերն ընդունելու համար: Ֆրանսիայի նախագահը կարևորել է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը բոլոր ուղղություններով՝ համահունչ ռազմավարական համագործակցության երկկողմ հռչակագրին:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով տիեզերական ոլորտում Ֆրանսիայի հետ համագործակցության խորացումը: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ուղղությամբ առավել առարկայական գործընկերությամբ:
Զրուցակիցներն ընդգծել են, որ տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում, կողմերը շեշտել են ՀՀ Կառավարության կողմից տնտեսության ոլորտում դիվերսիֆիկացիայի ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Գոհունակությամբ արձանագրվել է, որ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները թևակոխել են առարկայական փուլ: Այդ առումով, կարևորվել է շինարարական աշխատանքների հնարավորինս շուտ մեկնարկը:
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին: Ընդգծվել է խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի հետևողական իրականացման կարևորությունը:
Հաջորդիվ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից` ի պատիվ Միջազգային տիեզերական գագաթնաժողովի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների, տրվել է պաշտոնական ընթրիք: