Նոյեմբերի 1-ից Հայաստանում ամբողջությամբ կգործարկվի կենսաչափական համակարգը, և քաղաքացիները կկարողանան դիմել նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր ստանալու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ ՆԳՆ-ն ևս հաստատել է, որ նոր համակարգի գործարկումը նախատեսված է նոյեմբերի 1-ից։
Նախարարի խոսքով՝ այդ օրվանից քաղաքացիներին հնարավոր կլինի գրանցել կենսաչափական անձնագիր ստանալու համար։
«Բազմաթիվ գրասենյակներ ենք ունենալու թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Երևանի 2 մոլերում ենք ունենալու նաև գրասենյակներ, որոնք նոր մշակույթ կբերեն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Նոյեմբերի 1-ից այդ գրասենյակները պատշաճ գործարկման ենթակա կլինեն»,– ասել է Սարգսյանը։
Նոր համակարգի ներդրմամբ նախատեսվում է նաև բնակչության պետական ռեգիստրի տվյալների արդիականացում և փոխկապակցում՝ փաստաթղթերի անվտանգությունն ու տվյալների ճշգրտությունն ամրապնդելու նպատակով։