Երևանի փողոցների, մայթերի և հրապարակների մաքրման աշխատանքներում նոր, ավելի ժամանակակից տեխնիկա է կիրառվելու։ Քաղաքապետարանը ձեռք է բերել էլեկտրական նոր սարքավորումներ, որոնք նախատեսված են մանր աղբի և դժվարանցանելի հատվածների մաքրման համար։
«Մենք գնել ենք «Թի-Էս-Էմ» ընկերության կողմից արտադրված 20 սանմաքրման տեխնիկա՝ ամբողջապես էլեկտրական, որոնք որ իրականացնում են ավտոմատ մաքրման աշխատանքներ»։
Նոր տեխնիկան նախատեսվում է կիրառել Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ նոր սարքավորումները ոչ թե կփոխարինեն մարդկային աշխատուժին, այլ այդ մարդկային ռեսուրսի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող միջոց են։
«Կկենտրոնանանք, իհարկե, մարդկանց կուտակման հատվածներում, որտեղ ունենք սանմաքրման ավելի մեծ խնդիրներ։ Բայց քանակի ավելացման պայմաններում բոլոր վարչականներում կավելանան»։
Տեխնիկան կարող է զարգացնել մինչև 6 կմ/ժ արագություն և թույլ կտա ոչ միայն բարելավել մաքրության որակը, այլև ավելի արդյունավետ կազմակերպել մաքրման աշխատանքները։
«Էս մեկ սարքը մոտավորապես արժեցել է 10 միլիոն 900 հազար դրամ։ Եվ կարծում եմ, նման սարքավորման համար բավականին տենց խելամիտ գին է»։
Առաջին խմբաքանակի արդյունավետությունը գնահատելուց հետո նախատեսվում է նաև տեխնիկայի քանակի ավելացում։
Մինչ այդ, ձեռք բերված փոշեկուլները տեխնիկական լայն հնարավորություններ ունեն․
«Դրանք ունեն նաև ջուր ցողելու հնարավորություն, որը կնվազեցնի օդի փոշոտումը։ Այս փոշեկուլները կօգնեն մեզ ավելի մաքուր պահել Երևանը և ունենալ ավելի բարեկեցիկ միջավայր»։
Սարքավորումը, ըստ մասնագետների, նախատեսված է հնարավորինս պարզ և հարմար շահագործման համար։ Այն կարելի է կառավարել մեկ ձեռքով՝ միաժամանակ վերահսկելով մաքրման խոզանակի աշխատանքն ու տեխնիկայի տեղաշարժը։
«Տեխնիկան ամբողջությամբ էլեկտրական է, ունի ջրային ելք, որը նաև փոշին է նստացնում, աղբի համար նախատեսված 240 լիտր տարողությամբ բաք, ջրային բաքը 100 լիտր է, շատ պարզ մեխանիզմ, շարժվում է հետ-առաջ, ունի լուսավորություն, անվտանգության համակարգեր»։
Նոր տեխնիկան գործարկելուց առաջ նախատեսվում է կիրառման կանոնների ուսուցում։ Հատուկ Իտալիայից ժամանած մասնագետը, մինչև սպասարկելը, համապատասխան գործնական պարապմունքներ կանցկացնի, որից հետո սարքավորումները կմտնեն երաշխիքային սպասարկման փուլ։
Նոր տեխնիկայի ներդրումը քաղաքային իշխանությունը դիտարկում է ոչ միայն որպես մաքրման աշխատանքների արդիականացման, այլև ոլորտի արդյունավետության բարձրացման քայլ։ Քաղաքապետը միաժամանակ խոսում է ավելի լայն ծրագրերի մասին՝ առաջիկայում աղբի վերամշակման գործարանի ստեղծման ուղղությամբ․
«Ուզում ենք միանգամից աղբի վերամշակման գործարան ստանալ և չենք ուզում այդ միջանկյալ փուլն ունենալ։ Այսինքն՝ աղբի վերամշակման գործարանը դա այն վայրն է, որտեղ որ աղբը գնում է ու վերամշակվում։ Սանիտարական աղբավայրը, այնուամենայնիվ, շարունակում է աղբավայր մնալ․ մի քիչ ավելի կոկիկ, ավելի կազմակերպված։ Ուզում ենք մի փոքր ավելի մեծ քայլով առաջ գնալ, ունենալ գործարանը Երևան քաղաքում՝ գործարկված»։
Այսպիսով, Երևանի մաքրության համակարգում շեշտը դրվում է ոչ միայն մարդկային ռեսուրսի ավելացման, այլև տեխնոլոգիական լուծումների կիրառման վրա։ Առաջիկայում էլ հենց նոր տեխնիկայի աշխատանքի արդյունքները պետք է ցույց տան՝ որքանով է այս մոտեցումը փոխելու քաղաքի առօրյա մաքրման գործընթացը։
Մանրամասները՝ տեսանյութում։
