Խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստը․ փոխնախագահի ընտրությունից բյուջեի կատարում

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը, որի ժամանակ հանձնաժողովի անդամները փոխնախագահ են ընտրել, աշխատակարգ հաստատել և քննարկել պետբյուջեի կատարման ընթացքի տեղեկանքը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ծովինար Վարդանյանը, նախագահը «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանն է։

Հայաստանի տնտեսությունը կտրված չէ համաշխարհային տնտեսական զարգացումներից։ Ուստի տնտեսական գրեթե բոլոր ցուցանիշները քննարկելիս պետք է հաշվի առնվեն համաշխարհային միտումները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ ԱՄՆ-ում, Չինաստանում ու ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղում է նկատվում, եվրագոտում տեմպերը համեմատաբար կայուն են։ Գնաճի բարձր մակարդակը պահպանվում է գործընկեր երկրներում։

«Նավթի գինը 2026 թվականի առաջին կիսամյակում աճել է 28,9 %-ով, այժմ մոտավորապես 100 դոլարի սահմաններում է՝ մեկ բարելի համար, պղնձի գինն աճել է 38,7 %-ով և կազմում է միջինը 13,090 դոլար»։

Տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի ԿԲ-ն հունվար–հունիս ամիսներին միջամտել է արժութային շուկային և գնել 1 մլրդից ավելի դոլար, ինչի շնորհիվ միջազգային պահուստները, ըստ Վահե Հովհաննիսյանի, հուլիսի դրությամբ պատմականորեն բարձր մակարդակում են՝ 6,2 մլդ դոլար․

«Դրամը շարունակում է արժևորված մնալ տարեսկզբից ունենք որոշակի արժևորման շարունակություն  դրամ դոլար փոխարժեքը 368 դրամ է՝ հուլիսի տվյալներով»։

2026-ի առաջին կեսին արտահանումը նվազել է 6,7 %-ով, իսկ ներմուծումն աճել 4 %-ով։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հակոբյանը մանրամասնում է՝ որոշակի վերադասավորում ու փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում․

«ԵԱՏՄ երկրների մասով եթե նայենք, կշիռը գրեթե նույնն է մնացել։ Հունվար–հունիսին ԵՄ երկրների մասնաբաժինը  8 %–ից հասել է 15 %-ի։ Այլ երկրների բաժինը 54 %-ից նվազել է 45 %-ի ։ Այսինքն որոշակի դիվերսիֆիկացիա կա՝ հօգուտ Եվրամիության երկրների։ Ապրանքային կառուցվածքը՝ ամենաէական գործոնը հանքահումքային արտադրանքն էր, բայց դա չի նշանակումոր մյուս ուղղություններում չունենք աճ։ Մասնավորապես՝ կենդանի կենդանիների, կենդանական ծագման արտադրանք ի ուղղությամբ ունենք 2,4 %–անոց աճ, պատրաստի սննդի արտադրանքի դեպքում` 5,2 % աճ, իրերքարիզ, ցեմենտից` 27,3 % աճ»։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ընդգծում է՝ իսկ առևտրային դեֆիցիտը մեծացել է․

«Հայաստանից արտահանում 3,4 մլդ դոլար, ներմուծում ՝ 6,1, առևտրային դեֆիցիտը՝ 2,7 մլրդ դոլար։ Ի՞նչ գործիքակազմով է փակվելու առևտրիային դեֆիցիտի մեծ ճեղքվածքը»։

Ֆինանսների նախարարը համամիտ է՝ առևտրի հաշվեկշռի բացասական խորացումը խնդիր է տնտեսության համար, բայց Հայաստանում ծառայությունների ոլորտն աճում է մեծ տեմպերով, ավելանում է դրանց արտահանումը․

«Ծառայությունների ոլորտի էական ապագա աճը կնպաստի նվազմանը»։

ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանի պարզաբանմամբ՝ փոխարժեքը պարզապես, առանց որևէ պատճառի չի արժևորվում։ Կարևոր է հասկանալ, թե ինչն է հանգեցրել արժևորմանը․

«Իրականում փոխարժեքը արժևորվել է, որովհետև արտահանումը աճել է, թե՞ փոխարժեքը արժևորվել է, որովհետև կան, օրինակ, այլ կապիտալ հոսքեր: Մեր քաղաքականությունը մոտավորապես հետևյալն է` այն դեպքերում, երբ  արտաքին պահանջարկի մասին ենք խոսում, այսինքն` հոսքերը դոլարային պայմանավորված են ոչ թե նրանով, որ ինչ-որ մեկը կապիտալ է բերել Հայաստան, և դա աշխատում է կամ չի աշխատում, այլ որովհետև ինչ-որ ոչ ռեզիդենտ, ինչ-որ ապրանք կամ ծառայություն է գնում և դա ռեալ պահանջարկ է, այդ պայմաններում  պահանջարկը պետք է արտահայտվի շուկայական գով և փոխարժեքը պետք է արժևորվի»։

Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրլն 116 մլրդ դրամ: Նախարարի խոսքով՝ ցուցանիշը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակի ընթացքում նվազել է 3,5 %–ով։

Leave a Comment