Բենզինն ու դիզվառելիքը կարող են մաքսային սահմանը հատելուց հետո ավելի արագ բաց թողնվել․ ինչ է փոխվելու

Հայաստանում ներմուծվող որոշ խմբերի բենզինի և դիզելային վառելիքի համար առաջարկվում է սահմանել պայմանական բացթողման նոր կարգ։ Նախագծի հիմնական նպատակը վառելիքի ներմուծման ժամանակ մաքսային գործընթացը արագացնելն է՝ թույլ տալով այն բաց թողնել մինչև համապատասխանության գնահատման փաստաթուղթը ստանալը։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված նախագծի առաջարկվող կարգավորումը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ վառելիքը Հայաստան է հասնում ոչ աշխատանքային օրերին, իսկ համապատասխանության գնահատման փաստաթղթի ստացումը կարող է մի քանի օր տևել։

Ինչո՞ւ է անհրաժեշտ փոփոխությունը

Գործող գործընթացում ներմուծվող վառելիքի՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը պետք է գնահատվի, և համապատասխան փաստաթուղթը ներկայացվի մաքսային մարմնին։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ հավատարմագրված մարմին դիմելուց մինչև համապատասխան փաստաթուղթ ստանալը սովորաբար պահանջվում է 2-3 աշխատանքային օր։ Եթե վառելիքը ՀՀ սահմանը հատում է ոչ աշխատանքային օրերին, այդ ժամկետը կարող է հասնել 4-5 օրվա։

Այս ընթացքում վառելիքը տեղափոխող բեռնատարները կամ բազմակի օգտագործման տարաները ստիպված են սպասել՝ փոխանակ արագ դատարկվելու և հետ վերադառնալու։

Կառավարությունը խնդիրը դիտարկում է նաև որպես լոգիստիկայի արագության և տրանսպորտային միջոցների շրջանառության արդյունավետության հարց։

Ո՞ւմ է վերաբերելու նոր կարգը

Կարևոր է, որ այս արտոնությունը նախատեսված չէ բոլոր ներմուծողների համար։

Այն կկիրառվի այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ, որոնք համապատասխան ժամանակահատվածում Հայաստան ներմուծել և «Բացթողում՝ ներքին սպառման համար» ընթացակարգով հայտարարագրել են 20 հազար տոննայից ավելի բենզին և դիզելային վառելիք։

Այսինքն՝ խոսքը մեծածավալ ներմուծողների մասին է։

Հաշվարկը կատարվելու է՝ հաշվի առնելով կամ՝

  • մաքսային հայտարարագրի գրանցման օրվան նախորդող տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, կամ
  • հայտարարագրի գրանցման տարվա հունվարի 1-ից մինչև հայտարարագրի գրանցման նախորդ օրը ներմուծված և հայտարարագրված ապրանքների ծավալը։

Ի՞նչ է նշանակում «պայմանական բացթողում»

Պարզ ասած՝ ներմուծողը հնարավորություն կունենա վառելիքը մաքսային մարմնից ստանալ՝ առանց այդ պահին համապատասխանության գնահատման փաստաթուղթը ներկայացնելու։

Սակայն սա չի նշանակում, որ վառելիքը վերջնականապես ազատվում է մաքսային վերահսկողությունից կամ որ համապատասխանության փաստաթուղթն այլևս անհրաժեշտ չէ։

Փաստաթուղթը պետք է ներկայացվի ավելի ուշ՝ վառելիքի բացթողման օրվան հաջորդող 10-րդ օրը չանցած։

Ինչպե՞ս է իրականացվելու պայմանական բացթողումը

Ներմուծողը պետք է համապատասխան դիմում ներկայացնի մաքսային մարմնի էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով՝ այն կցելով ապրանքների հայտարարագրին։

Դիմումում պետք է նշվեն, մասնավորապես՝

  • մաքսային հայտարարագրի համարը,
  • առանց համապատասխանության փաստաթուղթը ներկայացնելու ապրանքը բաց թողնելու խնդրանքը,
  • վառելիքի պահպանման վայրի հասցեն,
  • ապրանքի նույնականացման հնարավորությունները։

Մաքսային մարմինը, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել նաև այդ տեղեկությունները հաստատող փաստաթղթեր։

Միաժամանակ ներմուծողը պարտավոր է ապահովել, որ պայմանական բացթողումից հետո վառելիքը հնարավոր լինի նույնականացնել պահպանման վայրում։

Վառելիքը կդառնա՞ հայկական ապրանք

Ոչ՝ անմիջապես։

Պայմանական բացթողման դեպքում ապրանքը շարունակում է պահպանել օտարերկրյա ապրանքի կարգավիճակը և գտնվել մաքսային հսկողության ներքո։

Երբ ներմուծողը համապատասխանության գնահատման փաստաթուղթը ներկայացնի, մաքսային մարմինը պետք է այն ուսումնասիրի և փաստաթուղթը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ավարտից ոչ ուշ կատարի համապատասխան նշումը մաքսային հայտարարագրում։

Այդ մասին ներմուծողը կծանուցվի էլեկտրոնային համակարգի միջոցով։

Միայն դրանից հետո վառելիքը ձեռք կբերի ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։

Իսկ եթե 10 օրվա ընթացքում փաստաթուղթը չներկայացվի՞

Այստեղ նախագիծը բավական խիստ պայման է նախատեսում։

Եթե սահմանված 10 օրվա ընթացքում համապատասխանության գնահատման փաստաթուղթը չներկայացվի, կամ ներկայացվի թերի կամ ոչ ճշգրիտ փաստաթուղթ, ապրանքը չի ստանա ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։

Այն պետք է շարունակի պահպանել օտարերկրյա ապրանքի կարգավիճակը, իսկ փաստաթուղթը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում վառելիքը պետք է ձևակերպվի «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով։

Այսինքն՝ պայմանական բացթողումը ներմուծողին չի ազատում համապատասխանության պահանջից․ այն պարզապես թույլ է տալիս հետաձգել փաստաթղթի ներկայացումը՝ վառելիքը մաքսային սահմանին օրերով չպահելու նպատակով։

Իսկ եթե տարբեր խմբաքանակներ նույն տարայում լինեն

Նախագծով նախատեսված է նաև բավական կարևոր մանրամասն։

Եթե պայմանական բացթողման ժամանակահատվածում տվյալ վառելիքը նույնանման այլ ապրանքների խմբաքանակների հետ պահվում է մեկ ընդհանուր տարայում, և հետագայում փաստաթուղթը չի ներկայացվում կամ այն թերի է, «Վերաարտահանում» ընթացակարգով պետք է ձևակերպվի ամբողջ խմբաքանակը, որը պահվում է տվյալ ընդհանուր տարայում։

Այս դրույթը գործնականում նշանակում է, որ ներմուծողը պետք է հատուկ ուշադրություն դարձնի վառելիքի պահեստավորման և նույնականացման կազմակերպմանը։

Կարո՞ղ է պայմանական բաց թողնված վառելիքը վաճառվել

Մինչև համապատասխանության գործընթացի ավարտը՝ ոչ։

Նախագծով սահմանվում է, որ պայմանական բացթողնված ապրանքները երրորդ անձանց փոխանցելու, այդ թվում՝ վաճառելու կամ այլ եղանակով օտարելու, ինչպես նաև պայմանական բացթողման ժամանակահատվածում դրանք օգտագործելու դեպքում առաջանում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Այսինքն՝ նոր մեխանիզմը նախատեսված է առաջին հերթին լոգիստիկ գործընթացը արագացնելու, ոչ թե վառելիքը համապատասխանության ստուգումից առաջ ազատ շրջանառության մեջ դնելու համար։

Որքա՞ն ժամանակ կգործի կարգավորումը

Նախագիծը նախատեսում է, որ որոշումը կգործի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը գրանցված մաքսային հայտարարագրերով հայտարարագրված ապրանքների նկատմամբ։

Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։

Նախագծին մանրամասն կարող եք ծնոթանալ այստեղ։






Կարդացեք նաև՝

Leave a Comment