Խաչիկ Արարատեան. ասմունքի նվիրյալը, որի անմոռանալի ձայնը պահվում է Հանրային ռադիոյի արխիվում. «Արդեն 100 տարի»

Հանրային ռադիոն շատ հաճախ է եղել աշխարհի տարբեր անկյուններից Հայրենիք եկած մտավորականների պարտադիր այցելության հասցեն  և այստեղից  աշխարհի հայության հետ  հաղորդակցվելու խոսափողը: Ռադիոյի ձայնային հարուստ արխիվում է պահվում 1936թ. հունիսին Հալեպում՝ Մկրտիչ Արարատեանի եւ Մարիամ Շիրիքճեանի ընտանիքում, ծնված 6-րդ զավակի՝ ասմունքող,  դերասան Խաչիկ Արարատեանի ձայնը՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործությունների  նրա հրաշալի ընթերցումները:

Տղան 7-8 տարեկան էր, երբ կորցրեց մորը: Նրա խնամքը ստանձնեցին իր 4 քույրերը, անշուշտ հոր հետ միասին: Հալեպի Կյուլպենկեան  վարժարանը եղավ նրա սիրելի ուսումնական հաստատությունը: Իրեն մանկուց ճանաչողները ասում են, թե շատ ճարպիկ, չարաճճի, խելացի   էր երեխա ժամանակ, իբրև պաշտպան՝ իր ընկերների հույսը, որը հետո դարձավ խոհուն, տաղանդավոր մտավորական  և սիրված մեկը շրջապատի կողմից:  1955-ին Արարատեանների ընտանիքը Հալեպից տեղափոխվեց Լիբանան՝ Բեյրութ: Այստեղ էլ գտավ իր սիրելի կնոջը՝ Շաքէ Տէմիրճեանին: Նրանք կազմեցին մի գեղեցիկ ընտանիք:

Բայց տարիներ անց, ստիպված եղան նորից թողնելու տուն-տեղ և հասնելու Ամերիկա և  Խաչիկը իր ընտանիքով հաստատվեց Լոս Անջելեսում:  2015 թվականին անողոք հիվանդությունը խլեց նրա կյանքը ՝ խոր ցաւ պատճառելով ընտանիքին, և իրեն ճանաչած ամեն մարդու: «Կայծակնային աճապարանք մը ունէր… նոյնիսկ աճապարեց մահուան պատերազմին մէջ, եւ զէնքերը վար դնելով՝ մեկնեցաւ այս աշխարհէն»,- գրեց եղբայրը՝ Մասիսը:

Խաչիկ Արարատեանի հոգեհանգիստը տեղի ունեցավ 2015-ի  մարտի 27-ին Հոլիվուդի Սուրբ Կարապետ եկեղեցում: Լոս Անջելեսի «Ասպարեզ» թերթը գրեց. «Խաչիկ Արարատեանի ներդրումը զգալի էր Հոլիվուտի Ս. Կարապետ եկեղեցւոյ մէջ, տարիներու ընթացքին անոր մնայուն դպիր ըլլալու հանգամանքով: Եկեղեցի եւ դպրոց հասկացողութիւններուն անոր համար նուիրական ըլլալը կը փաստուէր նաեւ յետ մահու, երբ հարազատներուն կողմէ կը խնդրուէր փոխան ծաղկեպսակի, նուիրատուութիւնները կատարել Ալեք Փիլիպոս վարժարանին»:

Leave a Comment