Ուկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարի. այս մտքի հետ Արեւմուտքը համակերպվել է՝ ընդունելով, որ ամերիկյան վերջին նախաձեռնությունը նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արձագանք չի գտել, գրում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ Պուտինը մտադիր է ձմռանը ուժեղացնել հարձակումները Ուկրաինայի վրա՝ փորձության ենթարկելով թե՛ երկրի դիմադրողականությունը, թե՛ նրա դաշնակիցների վճռականությունը։ Նրանք կարծում են, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում եւ Կիեւում էական առաջընթացի չեն հասել, իսկ Ռուսաստանի նախագահն օգտագործել է նրանց այցը՝ Պետդումայի ընտրություններից առաջ ուժ ցուցադրելու համար։
Եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, Bloomberg-ի զրուցակիցների կարծիքով, այդ քննարկումները դժվար թե էապես մոտեցնեն խաղաղությանը։
Ինչպես ենթադրել է Bloomberg-ի աղբյուրը, Ռուսաստանն առաջիկա կես տարում նախատեսում է ուժեղացնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ եւ ջերմամատակարարման ենթակառուցվածքների վրա՝ բնակչության կյանքն անտանելի դարձնելու նպատակով, ինչպես նաեւ հիբրիդային հարձակումները եւ միջամտությունը Եվրոպայի գործերին՝ դաշնակիցների կողմից Կիեւին ցուցաբերվող աջակցությունը խաթարելու նպատակով։
Կրեմլը հույս ունի, որ հաջորդ գարնանը իր դիրքերը կամրապնդվեն, իսկ Ռուսաստանի տնտեսությունը կկարողանա պահպանել կայունությունը, գրում է հրատարակությունը։