«Երևանտրանսը» կլուծարվի․ քաղաքապետարանը փոխում է երթևեկության կառավարման մոտեցումը

Երևանի խցանումների դեմ քաղաքապետարանը միանգամից երկու փոփոխություն է առաջարկում։ Մի կողմից՝ սահմանափակել մարզային տրանսպորտի ներքաղաքային ուղևորափոխադրումը, մյուս կողմից՝ երթևեկության կառավարումը կենտրոնացնել մեկ կառույցի շուրջը։ Այդ վերադասավորման շրջանակում «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի։ Քաղաքապետարանը պատճառաբանում է՝ ընկերությունն արդեն զրկվել է իր հիմնական գործառույթներից, իսկ նոր կենտրոնը պետք է երթևեկության վերաբերյալ որոշումներն ընդունի տվյալների հիման վրա։ Բայց ինչպե՞ս է փոխվելու քաղաք մտնող տրանսպորտի աշխատանքը, ինչո՞ւ է համայնքային ընկերությունը փակվում, և արդյո՞ք նոր համակարգը կլուծի այն խնդիրը, որի շուրջ ավագանու նիստում անգամ կոշտ բանավեճ է եղել։

Երևանի խցանումների դեմ քաղաքապետարանը նոր լուծում է առաջարկում՝ ոչ միայն փողոցները կարգավորել, այլև վերահսկել քաղաք մտնող տրանսպորտային հոսքը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով փողոցները ծանրաբեռնված են ոչ միայն երևանցիների, այլև մայրաքաղաք մտնող մարդկանց ու տրանսպորտի հոսքի պատճառով․ 

«Երբևէ բարձրաձայնվո՞ւմ է, որ ժողովուրդ ջան, մենք երևանցիներով չենք միայն ծանրաբեռնում մեր փողոցները։ Պիկ ժամին Երևան քաղաքում 2 միլիոնից ավել մարդ է լինում։ Ամենայն սիրով և հարգանքով, եկեք այս ճշմարտությունները բարձրաձայնենք, որ սկսենք լուծել, որովհետև սիրուն փաթեթավորելով չենք կարողանալու լուծել, պետք է ասել այն, ինչ ունենք»։

Ավինյանի պատկերացմամբ՝  ներքաղաքային ուղևորափոխադրումներով պետք է զբաղվեն բացառապես լիազորված համայնքային կառույցները՝ «Երևանի ավտոբուս»-ը, «Երևանի էլեկտրատրանսպորտ»-ը և Մետրոպոլիտենը։ Մարզային տրանսպորտը պետք է ուղևորներին սպասարկի ավտոկայաններում, իսկ Երևանում ներքաղաքային ուղևորահոսքը պետք է սպասարկի քաղաքային տրանսպորտը․

«Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի մեր փողոցները»։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը չի բացառել, որ առաջիկայում վարչարարություն կիրառվի այն տրանսպորտի նկատմամբ, որը, մարզի ուղևորներից բացի, Երևանում էլ ուղևորներ փոխադրի․

«Երբ մենք խոսում ենք ինչ-որ սահմանափակումների մասին, ենթադրվում է, որ ինչ-որ մեկի կյանքը դրա պատճառով դժվարանալու է։ Հարցը հետևյալն է՝ այսօր իր հեշտ կյանքը որքանով է այլ, ոչ պակաս իրավունքների ունեցող քաղաքացիների կյանքը դժվարացնում։ Որովհետև տպավորություն է, ոնց որ ես ու քաղաքապետն ուզում ենք ինչ-որ մեկի կյանքը դժվարացնենք, նստենք հաճույք ստանանք ու ժպտանք»։

Սրան զուգահեռ՝ 100 տոկոսով կլուծարվի Երևան համայնքին պատկանող «Երևանտրանս» ընկերությունը։ Հարցը զեկուցող Սուրեն Գրիգորյանը սա համարում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծման տրամաբանական շարունակությունը, իսկ ընկերությունը փաստացիորեն զրկվել է իր բոլոր հիմնական գործառույթներից։ Փոխքաղաքապետի խոսքով՝ ցանկանում են երթևեկությունը և հանրային տրանսպորտը կառավարել ավելի շատ տվյալների հիման վրա․

«Այս որոշման քննարկման ժամանակ նույնպես այդ հարցը բազմիցս հնչել է, որ, այո, «Երևանտրանս» ՓԲԸ-ն լուծարվելու է, որի լուծարման նախագիծն այսօր ներկայացվում է Երևանի ավագանու դատին»։

Բայց մինչ կառավարման նոր համակարգը սկսի գործել, հին խնդիրները կշարունակեն մնալ քաղաքի փողոցներում։ Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը փոխքաղաքապետից հետաքրքրվեց մայրաքաղաքի ճանապարհային գծանշումների որակով․

– Ե՞րբ ենք մենք վերջապես Երևանում տեսնելու գծանշումներ։

– Կոնկրետ Սարյան փողոցի վերաբերյալ ասեմ, որ այդտեղ փոքր խնդիր ունենք՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մեկնարկին ընդառաջ շատ մոտ ավարտեցինք բուն միջին նորոգման աշխատանքը, ինչի պայմաններում այն ավելի արագ է մաշվում։

Սակայն փողոցների բեռնաթափման ու երթևեկության վերակազմակերպման հարցը ավագանու նիստում  վերածվեց քաղաքապետի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի միջև կոշտ բանավեճի։ Զարոկյանը քննադատեց Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի աշխատանքը․ միայն դրա աշխատակիցների աշխատավարձերի համար ամսական 41 մլն դրամ է նախատեսված, ասաց, սակայն կենտրոնում, ըստ նրա, անհրաժեշտ մասնագետներ չկան։ Զարոկյանը նաև կոչ արեց հերքելու կամ հաստատելու՝ արդյո՞ք կենտրոնի ղեկավարը և քաղաքապետը ազգական են։   

– Եթե իրականում դուք լուրջ եք խցանումները վերացնելու հարցում, հերքե՛ք էս… այսքան տանջում եք ձեր անգործունակությամբ։ Թող վերջացնեմ։

– Ուրեմն թող չի, նախ թողեք է, պարոն քաղաքապետ։ Եթե Դուք շարունակեք ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք, պարոն Զարոկյան։ Հերիք եղավ, բոլ եղավ։

Երևանի խցանումների խնդրի լուծման շուրջ քննարկումը դեռ շատ հարցերի պատասխան է պահանջում, մասնավորապես՝ «Երևանտրանսի» լուծարումից հետո այդ գործառույթներն ինչպես կբաշխվեն, մարզային տրանսպորտի նկատմամբ հնարավոր սահմանափակումներն ինչպես կգործեն, ու երբ կթեթևանա Երևանի ծանրաբեռնվածությունը։

Leave a Comment