Անցած գիշեր ռուսական զինուժը հարվածել է Կիևին և Հարավային Օդեսայի մարզին։ Ուկրաինական ուժերը չեզոքացրել են երկու բալիստիկ հրթիռ, 31 թևավոր հրթիռ և 142 անօդաչու սարք։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում գրել է, որ հարձակումը բարդ է եղել և նախագծված, որպեսզի առավելագույն վնաս հասցվի։
Նա ասել է, որ հարձակումը զգալի վնաս է հասցրել Կիևի բնակելի շենքերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինական զինուժն էլ իր հերթին հրթիռակոծել է ռուսական թիրախները։
Ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, կարելի է ասել, հազիվ են հասցրել հեռանալ Մոսկվայից ու Կիևից խաղաղության հասնելու բանակցություններից հետո, երբ հակամարտող կողմերը ավելի ակտիվացրին փոխադարձ հարվածները։ Մինչ Ուիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասին, գետնի վրա իրավիճակը բոլորովին այլ բան է հուշում։
Մոսկվայում և Կիևում Պուտինի և Զելենսկիի հետ առանձին հանդիպումներից հետո բանագնացները հայտարարել են բանակցային եռակողմ՝ ԱՄՆ-Ուկրաինա-ՌԴ ձևաչափին վերադառնալու կարևորության մասին։ Այս մոտեցմանը համամիտ են նաև Ուկրաինան ու Ռուսաստանը։ Կիևն ու Մոսկվան, համենայն դեպս, չեն հերքում դրա անհրաժեշտությունը։
Ուիթքոֆը X-ում գրել է, որ էական առաջընթաց է արձանագրվել եռակողմ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ։
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ԱՄՆ բանագնացների այցը համարել է խաղաղությանն ուղղված փոքր քայլ․
«Ինչ վերաբերում է եռակողմ ձևաչափի վերականգնմանը, դուք լսեցիք հայտարարությունները Կիևից։ Պարոն Քուշները նման հայտարարություն արեց։ Մենք նույնպես չենք բացառում եռակողմ ձևաչափի վերականգնման հնարավորությունը, բայց դեռևս վաղ է՝ խոսելու վայրի և ճշգրիտ ժամանակի մասին»։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին ևս հստակեցրել է, որ պատրաստ է Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ եռակողմ բանակցությունների։
Սակայն ամերիկացի բանագնացների այցը խաղաղություն չի բերել։ Նրանց հեռանալուց հետո Մոսկվան անօդաչուներով հարվածել է Կիևին։ Հաղորդվում է երկու զոհի և մոտ տասը վիրավորի մասին։ Վնասվել են բնակելի շենքեր ու տներ, ուսումնական հաստատություններ, մեքենաներ, արտադրամասեր։
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ հրթիռակոծվել է նաև Կիև-Սումի ուղևորատար գնացքը։ Ուկրաինայի երկաթուղիների մոնիթորինգային խմբի նախազգուշացումից հետո գնացքը կանգնեցվել է, ուղևորներն ու անձնակազմը լքել են գնացքը։
Կիևի բնակիչները պատմում են ռուսական հարվածների և բանագնացների այցի ազդեցության մասին․
«Ես երկու գիշեր շատ լավ քնեցի ԱՄՆ դեսպաններ Սթիվ Ուիտքոֆի և Ջարեդ Քուշների այցի ժամանակ: Մենք մի փոքր հանգստացանք նրանց շնորհիվ։ Թող ավելի հաճախ գան, որպեսզի մեզ չհրետակոծեն»:
«Ամբողջ մարմինս դողում է, ձեռքերս դողում են, չեմ կարողանում լաց լինել։ Ամեն ինչ այրվում էր, ամեն ինչ ծխի մեջ էր: Միացել էր ավտոմատ հրդեհային ազդանշանային համակարգը, և հրշեջները արդեն սկսել էին իրենց աշխատանքը: Փառք Աստծո, ոչ ոք չի տուժել։ Փառք Ուկրաինային»։
Հարվածներ են եղել նաև ուկրաինական կողմից։ Ռուսաստանի Սարատովի մարզը ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել։ Տուժել է 10 մարդ, վնասվել են բնակելի տներ։ Բացի այդ՝ հրթիռակոծվել է տեղի ռուսական ռազմական օդանավակայանը։