Բյուրեղավանում և հարակից բնակավայրերում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել։ Ստեղծված իրավիճակն ու դրա հնարավոր հետևանքները լուրջ մտահոգության տեղիք են տվել։ Կան հոսպիտալացվածներ, բժշկի դիմողների թիվն աճում է։
Սեպտեմբերի 6-ին Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի։ Նրանցից 3-ը բուժօգնություն են ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին աղիքային վարակի կասկածով կատարվում են համաճարակաբանական և լաբորատոր հետազոտություններ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։ Առողջապահության նախարարությունը պաշտոնական հայտարարության մեջ շեշտել է․
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն օգոստոսին Բյուրեղավանի տարբեր հասցեներում շաբաթը մեկ կատարել են ջրի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ շեղումներ չեն արձանագրվել։ ՀՎԿԱԿ-ի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ կրկին կկատարեն նմուշառումներ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում։ Կկատարվեն նաև կենսանմուշների հետազոտություններ։
Արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ համաճարակաբանական ուսումնասիրությունների արդյունքները դեռ հայտնի չեն։ Մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդոր է ուղղել․
«Բյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց՝ մինչև լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին»:
«Ռադիոլուր»-ը փորձել է կապ հաստատել Բյուրեղավանի պոլիկլինիկայի հետ, սակայն տնօրենը զերծ է մնացել մեկնաբանությունից։ Խոստանում են հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տրամադրել լրացուցիչ տեղեկություն։
Այս տարի արդեն երրորդ անգամ է, որ Բյուրեղավանում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվում։ Նման դեպքեր համայնքում գրանցվել էին նաև ապրիլի 21-ին և հուլիսի 17-ին։ Առաջինի ժամանակ հոսպիտալացվել էր 11 քաղաքացի։ Երկրորդի ժամանակ հոսպիտալացվածների թիվը գերազանցում էր 5 տասնյակը։
Նախորդ դեպքերում բնակիչների շրջանում ակտիվորեն խոսվում էր խմելու ջրի հնարավոր աղտոտման մասին։ Բյուրեղավանի բնակիչները այդ շրջանում հայտնել էին ջրի տհաճ համի ու հոտի, անգամ կանաչավուն երանգի մասին։
Այս անգամ ևս բնակիչները գանգատվում են սպազմատիկ փորացավերից ու վատացած ինքնազգացողությունից։ Ջուրը հնարավոր պատճառներից մեկն է, որն ուսումնասիրվում է։ Սակայն թե որն է աղիքային վարակի իրական աղբյուրը, դեռ պետք է պարզեն համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունները։