
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսներին առնչվող քրեական գործը Վճռաբեկ դատարանը ուղարկել է հետ՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան:
«Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրաից ածանցվող իրավունքների խախտման վտանգ», – ասված է հայտարարությունում:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էր դիմել Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վճռելու համար:
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: