ԵՄ-ն չեղարկել է բարձր մակարդակի պաշտպանության խմբի ստեղծման նիստը․ Բեռլինն ու Հռոմը դեմ են այդ նախաձեռնությանը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը վերջին պահին չեղյալ է հայտարարել սեպտեմբերի 7-ին նախատեսված պաշտպանության փորձագետների խմբի ստեղծումը, քանի որ Գերմանիայի և Իտալիայի կառավարությունները դեմ են արտահայտվել։ Այս տեղեկությունը հրապարակել է DW պարբերականը։

Միջազգային մամուլը գրում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի քննադատությունը կարող է լինել փորձագիտական ​​խումբ ստեղծելու գաղափարից Գերմանիայի հրաժարվելու հնարավոր պատճառը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը վերջին պահին չեղարկել է եվրոպական պաշտպանական քաղաքականության ամրապնդման վերաբերյալ փորձագիտական ​​խմբի ստեղծումը, որը նախատեսված էր սեպտեմբերի 7-ին։ Ըստ մամուլի հրապարակումների՝ պատճառը Բեռլինի և Հռոմի դիրքորոշումն է այդ հարցում: «Որոշ անդամ երկրներ կարծում են, որ սա այս պահին ճիշտ քայլ չէ»,- DW-ին պարզաբանել է ԵՄ պաշտոնյան: Նա ասել է, որ ԵՄ պաշտպանության նախարարների հետ բանակցություններից հետո որոշվել է չշարունակել այս նախաձեռնությունը։

Գերմանիայի և Իտալիայի կառավարությունները, ի թիվս այլ երկրների, նախկինում ևս դեմ են եղել փորձագիտական ​​խմբի ստեղծմանը:

Կալասի գլխավորած խումբը պետք է առաջարկներ մշակեր Եվրոպայի  ռազմական կարողությունների բացթողումներն արագ և արդյունավետորեն լուծելու համար և զեկույց ներկայացներ: Նախատեսվում էր, որ խումբ կներառվեն ԵՄ մի շարք երկրների, ինչպես նաև Միացյալ Թագավորության և Ուկրաինայի առաջատար քաղաքական և ռազմական ներկայացուցիչներ: Խմբի կազմը պետք է հաստատվեր սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ քննարկման ժամանակ։

Վերլուծաբաններն ու մամուլը նշում են, որ պաշտպանական քաղաքականության հարցերում Գերմանիայի իշխանությունները հակված են հույսը դնելու ՆԱՏՕ-ի պլանավորման վրա և դեմ են փորձագիտական խմբի ստեղծմանը։

Միևնույն ժամանակ ԵՄ անանուն պաշտոնյան լրատվամիջոցներին ասել է, որ Բեռլինը մտադիր է ուսումնասիրելու ԵՄ երկրների հետ պաշտպանական քաղաքականության ոլորտում գործակցության նոր հնարավորություններ․

«Ախտորոշումը մնում է նույնը. Եվրոպան պետք է ավելի արագ շարժվի պաշտպանության ոլորտում։ Սակայն մենք չենք ուզում մի քանի տարի անց հետ նայել և պարզել, որ Եվրոպան այնքան կենտրոնացած էր այն մտքի վրա, թե որտեղ պետք է լիներ 2035 թվականին, որ բաց թողեց հնարավորությունը անելու այն, ինչ անհրաժեշտ էր 2027 թվականի համար»,-DW-ին ասել է պաշտոնյան։

Նախորդ շաբաթ Իռլանդիայում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարեց, որ Ուկրաինան կներգրավվի Եվրոպայի պաշտպանական կարողությունների ամրապնդման ուղղությամբ լուծումներ գտնելու գործի մեջ: Ըստ նրա՝ Կիևը ԵՄ երկրների և Միացյալ Թագավորության բարձրաստիճան քաղաքական գործիչների և զինվորականների հետ պետք է ընդգրկվեր նոր բարձր մակարդակի խումբ:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև ասել էր, որ թեև ԵՄ երկրների մեծ մասը նաև ՆԱՏՕ-ի անդամ է, դաշինքի պաշտպանական կարողություններում դեռևս կան բացթողումներ, որոնք եվրոպական երկրները պետք է լուծեն: Ավելին՝ նա պարզաբանել էր, որ Եվրոպան մինչև այժմ չափազանց դանդաղ է գործել՝ հակառակ սպառնալիքի մակարդակի աճին: Ըստ այդմ՝ Կալասն ասել էր, որ Ուկրաինան մեծ փորձ ունի, և դա է պատճառը, որ պետք է ներգրավեն նաև Կիևին։ Նա Ուկրաինան համարել է ռազմադաշտային նորարարությունների համաշխարհային առաջատար։ Կալասը մասնավորապես ասել է․

«Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ ԵՄ մի քանի երկրներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիա և Ուկրաինա՝ նորովի հասկանալու, թե ինչպես է պետք արձագանքել այժմյան և աճող ռազմական շատ սպառնալիքների: Հետևաբար սա այն բանն է, որի համար արագությունն իսկապես էական է: Իհարկե, ՆԱՏՕ-ն մնում է մեր եվրոպական անվտանգության անկյունաքարը, և միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները կոչ է անում նաև եվրոպացի դաշնակիցներին ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու իրենց սեփական պաշտպանության համար:

Մենք պետք է օգտագործենք մեր եզակի ուժեղ կողմերը։ Բայց նաև կիրառենք Ուկրաինայի լայնածավալ գործառական նորարարական փորձը»:

Այդ օրը DW-ն Կայա Կալասին հարցրել է, թե ով է ներկայացնելու Ուկրաինան նոր խմբում։ ԵՄ պաշտոնյան, սակայն, անուններ չէր նշել՝ ընդգծելով, որ խմբի ամբողջական կազմը կհրապարակվի սեպտեմբերի 7-ին:

Leave a Comment