Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում Երևանում տեղի ունեցավ բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կողմից իրականացված շահերի պաշտպանության արշավների արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովը։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին բյուջետային գործընթացում թիրախային ոլորտների շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները, արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրային արդյունքները։
Ջատագովության ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին խոսեց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը ։
«Ծրագրի շրջանակներում, ջատագովության ոլորտում տրամադրվել է 17 դրամաշնորհ, ծրագիրը իրականացվում է չորս ոլորտներում՝ արդարադատություն, կրթություն, սոցիալական աջակցություն և գյուղատնտեսութուն։ 17 դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվել Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Երևանում։ Բացի նշված 17-ից, Ծրագրի ընթացքում տրամադրել ենք նաև 12 մշտադիտարկման և պարզեցված բյուջեների մշակման համար դրամաշնորհներ։ Աշխատանքները իրականացվել են տարբեր մեխանիզմներով՝ պետական մարմինների, փորձագիտական համայնքի, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների, քննարկումների, ինչպես նաև ջատագովության արշավների տեսքով»,- նշեց Կարեն Զադոյանը։
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները։
«Այսօր ավելի շատ երիտասարդ մասնագետներ և քաղաքացիական հասարակության կառույցներ կարող են որոշակիորեն մասնակցել բյուջետային գործընթացին։ Ծրագրի շրջանակում ստեղծվել է բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման կայքը, որտեղ ներկայացված են մատչելի տեղեկություններ բյուջեի մասին։ Հաջորդ քայլը բյուջեի պարզեցումն է, որի ընթացքում հնարավորություն ենք տվել հասարակությանը հասկանալ՝ Կառավարությունը ինչպիսի քաղաքականություն էր նախատեսում իրականացնել, ինչ ծրագրերի միջոցով, ինչ ռեսուրսներ են ծախսվում ինչպիսի արդյունքների համար և այլն»,- ասաց Կարինե Հարությունյանը։
Ծրագրի շրջանակում վերհանված մարտահրավերների, խնդիրների, գրանցված արդյունքների ընդհանուր ներկայացմամբ հանդես եկավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Սյուզաննա Սողոմոնյանը։
Նրա խոսքով,-«Ջատագովության աշխատանքներ են տարվել արդարադատության, կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունման, ինքնազբաղվածության խթանման, սննդի անվտանգության և այլ հարցերով»։ Այնուհետև, հակիրճ ներկայացրեց գրանցած հաջողությունները։
Աշխատաժողովի ընթացքում ենթադրամաշնորհային ծրագրերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրականացված ծրագրերի մանրամասն արդյունքներն ու ազդեցությունը՝ անդրադառնալով նաև հիմնական մարտահրավերներին և քաղված դասերին։
Միջոցառմանը մասնակցեցին պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։ Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հարցուպատասխանի և մտքերի փոխանակման միջոցով անդրադառնալու ներկայացված արդյունքներին ու ոլորտային հարցերին։
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի մասին
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրն իրականացվում է 2022 թվականի դեկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 7-ը՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) համագործակցությամբ։