CHW-ն արձանագրել է Շուշիի հայ-ռուսական գերեզմանատան ոչնչացումը – armeniatoday.am

Caucasus Heritage Watch (CHW) կազմակերպությունն արձանագրել է Շուշիի հին հայ-ռուսական գերեզմանատան ոչնչացումը։ Կազմակերպության տվյալներով՝ այն ոչնչացվել է 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Գերեզմանատանը գտնվել են միջնադարյան հայկական խաչքարեր, ինչպես նաև 1810-1871 թվականներով թվագրվող XIX դարի հայկական և ռուսական տապանաքարեր։ CHW-ի տվյալներով՝ ոչնչացման պահին այնտեղ պահպանվել էր 35 տապանաքար։

Կազմակերպության տվյալներով՝ տապանաքարերի արձանագրությունները տեղեկություններ էին պարունակում XIX դարում Շուշիում ապրած հայ ընտանիքների և արհեստավորների, ռուս զինվորականների, բժիշկների, պետական ծառայողների և վարչակազմի ներկայացուցիչների մասին։

Լատիներեն արձանագրությամբ տապանաքարերից մեկը պատկանել է Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերին, որը, ենթադրաբար, հայտնի գերմանացի գիտնականի ընտանիքից էր։ Մեկ այլ գերեզման պատկանել է 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովին, ով կապված էր 1826 թվականին Շուշիի պաշտպանության հետ։

Գերեզմանատան տարածքում գտնվել են նաև հինգ հայկական խաչքարեր, որոնք, CHW-ի տվյալներով, ստեղծվել են XIX դարի գերեզմաններից մի քանի դար առաջ։ Կազմակերպությունը նշել է, որ դրանք այդ տարածքը կապում էին Ղարաբաղի միջնադարյան հայկական պատմության հետ։ Խաչքարերն ու գերեզմանները միասին ձևավորում էին մի քանի դար ընդգրկող պատմական համալիր։

CHW-ն գերեզմանատան ոչնչացումը կապել է անձրևաջրերի և կեղտաջրերի մաքրման օբյեկտի կառուցման հետ։

«Գերեզմանատունը վերապրել է պատերազմներ և վարչակարգերի փոփոխություններ։ Այն չվերապրեց Ադրբեջանի կողմից իրականացվող XXI դարի վերակառուցումը»,- հայտարարել է կազմակերպությունը։

Leave a Comment