«Հայփոստը» վերանայել է հիբրիդ փոստային ծառայության սակագինը․ մեկ նամակի միջին արժեքը 121 դրամից դարձել է 200 դրամ։ Կառավարությունն առաջարկում է իրավական հնարավորություն տալ պետական մարմինների հետ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու և նոր սակագինը կիրառելու համար։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸԵՎ ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ.
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող հիբրիդ փոստային ծառայության սակագնի վերանայմամբ, ինչի արդունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ դատարանների և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերում:
Նախագծի նպատակն է բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետի հիման վրա ստեղծել իրավական հնարավորություն՝ պատվիրատուների և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքված գործող գնման պայմանագրերում, կողմերի համաձայնությամբ, կատարել համապատասխան փոփոխություններ՝ կիրառելով «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից օրենքով սահմանված կարգով հաստատված գործող սակագները։
Ներկայումս հիբրիդ փոստային ծառայության մատուցման ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ն կրում է զգալի գործառնական և ֆինանսական ծախսեր, որոնք ներառում են թղթի, տպագրական նյութերի (քարթրիջների), տպագրական և այլ տեխնիկական սարքավորումների շահագործման ու սպասարկման, ծրագրային ապահովման, տեղեկատվական համակարգերի պահպանման, ինչպես նաև ծառայության մատուցման գործընթացում ներգրավված աշխատակիցների աշխատանքի վարձատրության և հարակից ծախսեր։ Ընկերությունն իր միջոցներով ապահովում է էլեկտրոնային նամակների ընդունման, մշակման, տպագրման, ձևավորման, ծրարավորման, հասցեավորման և առաքման ամբողջական գործընթացը՝ պահպանելով գաղտնիության, անվտանգության, վերահսկելիության և որակի նկատմամբ սահմանված պահանջները։
Միաժամանակ, սակագնի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում շարունակաբար նվազում են նամակագրական թղթակցության ծավալները, մասնավորապես, 2026թ․ նամակագրական թղթակցությունը մոտ 18%-ով անկում է ապրել 2025թ․ համեմատ։ Փոստային նամակների քանակի նվազումը հանգեցնում է նրան, որ ծառայության մատուցման համար անհրաժեշտ հաստատուն և անխուսափելի ծախսերը բաշխվում են ավելի քիչ ծավալի նամակների վրա, ինչի հետևանքով աճում է մեկ նամակի ինքնարժեքը, մասնավորապես նախկինում հաշվարկված հիբրիդ փոստային ծառայության միջին սակագինը մեկ նամակի համար կազմում էր 121 ՀՀ դրամ, որը փոփոխվել և սահմանվել է 200 ՀՀ դրամ։ Հետևաբար, փոստային ծառայություններից օգտվելու ծավալների նվազումը հանդիսանում է ծառայության ինքնարժեքի և, համապատասխանաբար, սակագների վերանայման վրա ազդող կարևոր տնտեսական գործոններից մեկը։
Նշված գործընթացի վրա ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող թվայնացման գործընթացները։ Էլեկտրոնային հաղորդակցության և թվային ծանուցման մեխանիզմների ներդրման և ընդլայնման արդյունքում նվազել է թղթային փաստաթղթաշրջանառության և փոստային առաքանիների ծավալը, սակայն հիբրիդ փոստային ծառայությունը շարունակում է պահպանել իր նշանակությունը այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային եղանակով ձևավորված տեղեկատվության փոստային առաքման գործընթաց։
Հետևաբար, ծառայության ինքնարժեքի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն ծառայություն մատուցողի ներքին ծախսերով, այլ նաև արտաքին տնտեսական և ինստիտուցիոնալ գործոններով, որոնք ազդեցություն են ունեցել ծառայության պահանջարկի և արժեքի ձևավորման վրա։
Հաշվի առնելով ծառայության մատուցման հետ կապված գործառնական և ֆինանսական ծախսերի աճը, ծառայության իրական ինքնարժեքի փոփոխությունը, ինչպես նաև փոստային ծառայություններից օգտվելու ծավալների շարունակական նվազումը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն 2026թ․ վերանայել է հիբրիդ փոստային ծառայության սակագները՝ դրանք համապատասխանեցնելով ծառայության մատուցման փաստացի և տնտեսապես հիմնավորված ծախսերին։ Սակագնի վերանայման նպատակն է ապահովել ծառայության շարունակական, կայուն և որակյալ մատուցումը՝ միաժամանակ պահպանելով հաճախորդների համար ծառայության հասանելիությունն ու արդյունավետությունը։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով որևէ նոր սակագին չի սահմանվում և չի փոփոխվում, այլ նախատեսվում է իրավական հնարավորություն՝ գործող գնման պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու և արդեն իսկ սահմանված սակագների կիրառումն ապահովելու համար։
Միաժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ն սակագնի փոփոխության վերաբերյալ պատշաճ կերպով տեղեկացրել է իր հաճախորդներին՝ Ընկերության պաշտոնական կայքում հրապարակելով համապատասխան տեղեկատվությունը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 221-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի 33.1-ին կետի պահանջներով և ապահովելով նախնական իրազեկումը սահմանված ժամկետում։
Հարկ է նշել, որ հիբրիդ փոստային ծառայությունը ստեղծվել և մատուցվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որպես հավելյալ փոստային ծառայություն և չի հանդիսանում «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքով սահմանված ունիվերսալ փոստային ծառայություն։ Ծառայությունը ներդրվել է հաճախորդներին լրացուցիչ հարմարավետություն ապահովելու նպատակով՝ հնարավորություն տալով էլեկտրոնային եղանակով փոխանցված տեղեկատվությունը վերածել փոստային նամակի՝ առանց հաճախորդի կողմից լրացուցիչ կազմակերպչական և տեխնիկական գործողություններ իրականացնելու անհրաժեշտության։
Հիբրիդ փոստային ծառայությունից օգտվելիս հաճախորդը խնայում է իր ժամանակը, նյութական և մարդկային ռեսուրսները՝ ստանալով որակյալ և արդյունավետ փոստային սպասարկում՝ առանց առաքանու տպագրման, ծրարավորման, հասցեավորման, փաթեթավորման և առաքման գործընթացները ինքնուրույն կազմակերպելու անհրաժեշտության։ Ծառայության շնորհիվ հաճախորդները կարողանում են նվազեցնել իրենց վարչական և գործառնական ծախսերը, ինչպես նաև ապահովել փոստային առաքանիների արագ և հուսալի շրջանառությունը։
Ինչ վերաբերում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների նկատմամբ սույն որոշման նախագծով սահմանված կարգավորումների տարածմանը, հարկ է նշել, որ նշված ժամկետը պայմանավորված է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հիբրիդային փոստային ծառայության վերանայված սակագների կիրառման մեկնարկի ամսաթվով։
Սույն կարգավորումը նպատակ ունի ապահովելու գործող գնման պայմանագրերի շրջանակում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանված և ուժի մեջ գտնվող սակագների կիրառման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետով սահմանված պահանջների պատճառով կողմերը հնարավորություն չեն ունեցել կատարելու համապատասխան պայմանագրային փոփոխություններ։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսված կարգավորումը միտված է ոչ թե նոր սակագին սահմանելուն, այլ «Հայփոստ» ՓԲԸ-ի և պատվիրատուների միջև գործող գնման պայմանագրերում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու իրավական հնարավորություն ապահովելուն, որպեսզի հնարավոր լինի կիրառել 2026 թվականի հունիսի 1-ից գործող վերանայված սակագները՝ պահպանելով գնումների ոլորտում սահմանված պահանջները։
Միաժամանակ պետք է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիրը կնքելը նրանց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ։
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ․
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4–ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ նաև Կարգ) 56-րդ կետի 5-րդ ենթակետի «56. Արգելվում է պայմանագրում, իսկ եթե պայմանագրի գինը գործոնային է, ապա նաև այդ պայմանագրին կից հաջորդող յուրաքանչյուր տարիներին կնքված համաձայնագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ծավալների կամ ձեռք բերվող գնման առարկաների միավորի գնի կամ պայմանագրի գնի արհեստական փոփոխման: Արհեստական են համարվում հետևյալ փոփոխությունները`
(…)
5) պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների տեխնիկական բնութագրերի կամ նախագծային առաջադրանքների անփոփոխ մնալու պայմաններում պայմանագրի գնի ավելացումը․»:
Համաձայն Կարգի 57-րդ կետի՝ «Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», իսկ 57․1 կետի՝ «Յուրաքանչյուր առանձին դեպքում, հիմնավորելով պայմանագրի կատարման և (կամ) կառավարման առանձնահատկությունը, պատվիրատուն կարող է պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ընթացքում դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը (սահմանված կարգով ներկայացնելով համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ)` հայցելով վերջինիս թույլտվությունը պայմանագրում սույն կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ սահմանելու կամ սահմանված պայմանները չկիրառելու համար:
Այս դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով պայմանագրի կատարման և (կամ) կառավարման առանձնահատկությունը, կարող է իր որոշմամբ թույլատրել սահմանել պայմանագրում սույն կարգի 56-րդ կետով նախատեսված պայմաններից տարբերվող պայմաններ կամ չկիրառել սահմանված պայմանները: (…)»
Ղեկավարվելով վերոնշյալ կարգավորումներով՝ ներկայացվող Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը թույլտվություն տալ «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ՀՀ դատական դեպարտամենտի, ՀՀ դատարանների հետ կնքված գնման պայմանագրերում հիբրիդ փոստ ծառայության սակագներում կատարել ծառայության գնի ավելացում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:
ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ընդհանուր ծավալներում լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, քանի որ փոստային ծառայությունների մատուցման պայմանագրերով նախատեսված և փաստացի մատուցված ծառայության գնի տարբերության դեպքում, պահանջվող լրացուցիչ միջոցները նշված պետական մարմիններին կհատկացվեն ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընդհանուր հատկացումներում առաջացած տնտեսումներից, որի նպատակով կշրջանառվի համապատասխան իրավական ակտի նախագիծ:
ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2․3 բարձր տեխնոլոգիաներ» մասի «Փոստային կապ» բաժնի դրույթներից: Այն է՝ փոստային կապի ոլորտի շուկայական արդյունավետության և կենսունակության բարձրացման ապահովումը: