2018-ի հեղափոխությունից անցել է ութ տարի։ Այդ տարիների ընթացքում փոխվել են ոչ միայն քաղաքական իրողությունները, այլև գնահատականներն ու ընկալումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատամբ՝ այսօր էլ դեռ վաղ է վերջնական գնահատումների համար։ Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է, հարցն այն է, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է օգտվում այդ հնարավորությունից՝ ասել է վարչապետը։
Նա այսօր մասնակցել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին։ Հեղինակը ներկայացրել է հեղափոխության պատմությունը անձնական փորձի, հիշողությունների ու վերլուծության դիտանկյունից՝ փորձելով պահպանել այն դրվագները, որոնք ժամանակի հետ կարող էին մոռացվել։
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին»․Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գիրքը գրվել է հեղափոխությունից մեկ տարի անց, սակայն ընթերցողին է հասել դրանից յոթ տարի հետո։
Գրքի խմբագիր, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի խոսքով՝ հրատարակությունը ձգձգվել է հեղափոխությանը հաջորդած իրադարձությունների պատճառով․ Քովիդը, պատերազմը, խաղաղության բանակցություններն ու այլ գործընթացներ հետաձգել են գրքի խմբագրումն ու հրատարակությունը։
Իսկ հեղինակի համար գիրքը հենց 2019-ին գրելու կարևոր պատճառներից մեկը հեղափոխության օրերի մանրամասները ժամանակի ընթացքում մոռացությունից փրկելն էր։
Արմեն Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ հեղափոխությանը մասնակցած քաղաքացին գիրքն ընթերցելիս նախ ինքն իրեն է տեսնելու։
«Քաղաքացին նախ տեսնելու է ինքն իրեն, որովհետև հեղափոխության կիզակետում ոչ միայն ես էի ու մասնակիցները, այլև քաղաքացին էր։ Ամեն մեկն ունի հեղափոխության իր պատմությունը, բայց շատ դեպքերում այդ պատմություններն իրար նման են»։
Գրիգորյանի խոսքով՝ գրքում տեղ են գտել նաև հեղափոխության այնպիսի դրվագներ, որոնց մասին կամ չի խոսվել, կամ քիչ է խոսվել։
Հեղինակի համար կարևոր է եղել հեղափոխությունը փաստագրել հենց այն ժամանակվա դիտանկյունից։ Ասում է՝ տարիներ անց նույն իրադարձություններին հնարավոր է այլ կերպ նայել, սակայն 2019-ին պետք էր դրանք արձանագրել այն ժամանակվա ընկալումներով։
«Ես նաև համոզված էի, որ քաղաքական պրոցեսներն ազդելու են նաև մտածողության վրա։ Այսինքն՝ 2026 թվականից կարելի է այլ ձև նայել հեղափոխությանը։ Բայց շատ ճիշտ էր, որ հենց այդ պահի դիտանկյունից նայեինք հեղափոխությանը»։
Սակայն գիրքը չի հավակնում ներկայացնելու 2018-ի հեղափոխության ամբողջական պատմությունը։ Դա ընդգծում է նաև գրքի խմբագիր Թագուհի Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ընթերցողը գործ ունի մեկ մարդու հիշողության ու դիտանկյունի հետ։
«Գիրքը գեղարվեստական չի, գիրքը հուշագրություն-վավերագրություն է։ Այդ առումով կարծում եմ, որ լավ փաստաթուղթ է կոնկրետ մարդու հիշողության միջոցով վերապատմել մեր պատմության ամենակարևոր փուլերից մեկը»։
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի գնահատմամբ՝ Արմեն Գրիգորյանի գիրքն անկեղծ պատմություն է։ Նրա խոսքով՝ պատմական իրադարձությունները նկարագրելիս ամբողջ իրականությունը միշտ չէ, որ հայտնվում է գրքերում։
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում մեր պատմիչներից, գրեթե յուրաքանչյուրն ամեն դեպքում իրականությունը չի տվել իր ամբողջ մեծությամբ։ Ամեն դեպքում մեր պատմիչներն էլ են շատ լավ գիտակցել, որ կա պետական շահ ասվածը, որի պարագայում պետք չէ ամեն ինչ բարձրաձայնել»։
2018-ի հեղափոխությունից անցել է ութ տարի։ Այդ ընթացքում հեղափոխության նշանակության, արդյունքների ու դրանից հետո տեղի ունեցածի վերաբերյալ գնահատականները փոխվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ տեղի ունեցածին վերջնական գնահատական տալը ժամանակավրեպ է համարում։
«Իսկ ի՞նչ կարծիքի եմ ես 2018 թվականի հեղափոխության մասին։ Իսկապես հիմա այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել։ Վերջին 8 տարիներին եղել են օրեր, երբ ես ինքս ինձ համար անիծել եմ այն օրը, երբ որ ես դարձա Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դա մի անգամ չի եղել, երկու անգամ չի եղել։ Ես չգիտեմ, դուք ո՞ր օրն եք անիծել, որ ես դառել են վարչապետ, թե դուք դարձել եք համապատասխան պաշտոնյա։ Մեր երկրին էլի հեղափոխություն է պետք»։
Վարչապետի ամփոփմամբ՝ ցանկացած հեղափոխություն առաջին հերթին հնարավորություն է։ Սակայն հարցն այն է, թե յուրաքանչյուրն ինչպես է օգտվում այդ հնարավորությունից։
Իսկ հեղափոխության ամենամեծ մարտահրավերը, ըստ վարչապետի, այնպես անելն է, որ այն չհասնի զրոյական կետին, որից սկսել է։