Նոր դպրոցներ ու նոր միջավայր. Արմավիրի մարզում շահագործվել են Երասխահունի ու Նոր Կեսարիայի նորակառույց դպրոցները

300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում Արմավիրի մարզում շարունակվում են շահագործել վերանորոգված կամ  կառուցված դպրոցները, որոնք նոր միջավայր են ստեղծում երեխաների կրթության համար: Օրերս առաջին զանգը հնչել է Երասխահունի նոր կառուցված կրթահամալիրում և Նոր կեսարիայի միջնակարգ դպրոցում: Շուտով կբացվի նաև Մրգաշատի առաջին նորակառույց դպրոցը: Բացի Երասխահունից նոր կրթահամալիրներ են կառուցվում Նոր Արտագերս, Հայկավան ու Ամասիա գյուղերում:

Նոր ուսումնական տարին Նոր Կեսարիա և Երասխահուն գյուղերի դպրոցականների համար մեկնարկեց տոնական միջավայրում: Աշակերտները վերջապես դասերը սկսեցին սեփական հարկի տակ՝ նոր պայմաններում: Նոր Կեսարիայի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարան Պապոյանը  համեմատության եզրեր չի գտնում հին ու նոր դպրոցների միջև։

«Ես էլ չեմ կարող նկարագրել, թե ինչ պայմաններ են, դուք չեք պատկերացնի, ես հիացած եմ ու զարմացած։ Նոր Կեսարիան ունի հրաշալի դպրոց՝ իր բոլոր հնարավորութուններով, ժամանակակից պայմաններով: Լաբորատորիաններն առանձին են՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարահրության կաբինետ կա: Նախկին դպրոցն արդեն մոռացել եմ, քանի որ արդեն ներկան եմ տեսնում եմ։ Նախկինը գնաց անցյալի գիրկը»:

Ընդարձակ ու լուսավոր դպրոցն ապահովված է նոր գույքով, տեխնիկայով, մարզասարքերով:  Սովորողներն արդեն հնարավորություն ունեն լիարժեք օգտագործելու իրենց ժամանակն ու հանդես գալու տարբեր նախաձեռնություններով:  Նորակառույց դպրոցում ամեն ինչ արվել է նաև երեխաներին անվտանգ ու տաք սննդով ապահովելու համար՝ ասում է տնօրենի պաշտոնակատարը:

«Հսկայական խոհանոց ունենք՝ բոլոր առաջադիմական հնարավորութուններով: Ճիշտն ասած,  այս քանի օրը չոր սնունդ ենք տալիս, բայց երկուշաբթի օրվանից տաք սնունդ էլ կլինի: Բացի տարրական դասարաններից շուտով կընդգրկենք նաև 5-6-րդ դասարաններին, որովհետև կառավարությունն այդ ծարգիրն էլ է ուզում կյանքի կոչել»:

Նոր Կեսարիայի շուրջ 270 աշակերտ անցած ուսումնական տարին անցկացրել է հարևան գյուղի դպրոցում՝ երկհերթ ռեժիմով:

«Մենք ամբողջ տարին երեխաներին ավտոբուսով տանում էինք Շենավան, երկրորդ հերթով աշխատում ու գիշերով վերադառնում տուն՝ ժամը 8-ին, 9-ին, դասացուցակի հետ էր կապված: Դեռ խմբակներն էլ չպարապեցինք, որովհետև երեխան ի վիճակի չէր մնալու մինչև 8-րդ ժամ: Տարրական դասարաններին տանում էինք ժամը 11-ին, իսկ հիմնակա դպրոցը՝ ցերեկվա ժամը 2-ին»:

Արմավիրի մարզում նորոգվող և նոր կառուցվող մյուս դպրոցների սովորղները նույնպես կիսում են այդ դժվարությունները՝ օրվա մեծ մասն անցկացնելով այլ բնակավայրերի դպրոցներում:  Տեղափոխման խնդիրները հոգում է  պետությունը, իսկ անհարմարությունները ժամանակավոր են՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը: Մարզի ևս 4 դպրոցներում առաջին զանգը հնչել է սեփական հարկի տակ:

«Սեպտեմբերի մեկից շահագործման են հանձնվել Նորավանի, Թաիրովի, Խանջյանի և Քարակերտի 1-ին միջնակարգ դպրոցները: Մինչև սեպտեմբերի վերջ մենք ևս երեք վերանորոգված  դպրոց կունենանք Այգեվանում, Դողսում ու Հովտամեջում: Այգեվանի երեխաներն անցյալ տարվանից հաճախում են Լենուղու միջնակարգ դպրոց՝ առաջին հերթով, մի այլ մասնաշենք ենք տրամադրել, Դողսինը՝ Ամբերտ, Հովտամեջինը՝ Արշալույս»:

Հովտամեջի դպրոցն արդեն մեկ տարի դասերն անցկացնում է Արշալույսի դպրոցի մի մասնաշենքում՝ դարձյալ երկհերթ: Հովտամեջում շուրջ 180 աշակերտ է սովորում: Տնօրեն Լիաննա Նավասարդյանի խոսքով՝ իրենց դպրոցի հիմնանորոգումը շուտով կավարտվի ու նորից դասերը կանցկացնեն սեփական հարկի տակ:

«Վերանորոգման գործընթացը սկսվել է անցած տարվա սեպտեմբերի 1-ից, պետք է հանձնվեր նորից սեպտեմբերի 1-ին, բայց որոշակիր թերությունների պատճառով փոքր-ինչ հետաձգվել է: Գույքը գրեթե ամբողջությամբ ստացել ենք, մնացել է ճաշարանի որոշակի գույք ու մի քանի կաբինետների գույք, որ չենք ստացել»:

Մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանի տեղեկացմամբ՝ շահագործման հանձնվող բոլոր դպրոցներում նոր միջավայր է ստեղծվում՝ նոր գույքով ու հնարավորություններով: Իսկ մարզում  մեկ տասնյակից ավելի դպրոցներ  դեռ  կառուցվում ու նորոգվում են: Շուտով շահագործման կհանձնվի նաև Մրգաշատի 1-ին դպրոցը, կսկսվի Հայկաշենի դպրոցի կառուցումը:

Leave a Comment