Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով ՀՀ-ին նվիրաբերված հողամասը նախատեսվում է վերադարձնել համայնքին։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հողամասի մակերեսն ու պարամետրերը չեն բավարարում շինարարական և նորմատիվ պահանջներին, ինչի պատճառով նախատեսված ծրագիրը հնարավոր չէ իրականացնել։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծերից։
ՀՀ կառավարության 2024 թվականի մարտի 21-ի N 417-Ա որոշման հիմքով ընդունվել է Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Նորապատ, 9-րդ փողոց, 38/1 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքի (այսուհետ՝ անշարժ գույք) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենք կառուցելու նպատակով։
Անշարժ գույքը առանձնացվել է Նորապատ բնակավայրի մանկապարտեզի սպասարկման համար հատկացված հողամասից։
Հետագայում ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ տրամադրված հողակտորի մակերեսը և պարամետրերը չեն բավարարում տիպարային նախագծի լիարժեք տեղակապման և նորմատիվ պահանջների ապահովման համար, ուստի տվյալ տարածքում բժշկական ամբուլատորիայի կառուցումն անհնար է դարձել։
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարը համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ նվիրաբերության նպատակային նշանակությամբ անշարժ գույքը չօգտագործվելու հանգամանքով պայմանավորված, այն Մեծամոր համայնքի սեփականությանը վերադարձնելու գործընթացը կազմակերպելու խնդրանքով։
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակվել է «Գույք նվիրելու մասին» ՀՀ կառավարության սույն որոշման նածագիծը։
ՀՀ կառավարության 18.08.2021թ. թիվ 1363-Ա որոշմամբ սահմանվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիրը, որի 6.7 կետով հաստատվել է «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժինը։ Ծրագրի համաձայն՝ սահմանվել է գույքի արդյունավետ կառավարման, արդյունավետության և գրավչության բարձրացմանը, հաշվառմանը, միասնական բազայի հիմնմանը, բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված՝ կատարման ենթակա մի շարք միջոցառումներ։ Անշարժ գույքը ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին նվիրելը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։
«Գույք նվիրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի: