Փրկարար ծառայությունը կվերազինվի, փրկարարների վարձատրությունը կբարձրանա․ Արփինե Սարգսյան

Հայաստանում շարունակվում է Փրկարար ծառայության արդիականացումն ու տեխնիկական վերազինումը։ Այս մասին Փրկարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հարյուրավոր փրկարարներ արդեն անցել են ատեստավորում և դրա արդյունքում ստացել ավելի բարձր վարձատրություն։ Նախարարը շեշտել է, որ ծառայողներին ներկայացվող մասնագիտական բարձր պահանջները պետք է ուղեկցվեն նաև աշխատանքի պատշաճ գնահատմամբ և սոցիալական երաշխիքներով։

Շարունակվելու է նաև Փրկարար ծառայության նյութատեխնիկական բազայի թարմացումը։ Առաջիկայում շահագործման կհանձնվի Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր մասնաշենքը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև արհեստական բանականության զարգացմանը՝ նշելով, որ տեխնոլոգիաները կարող են փոխել տարբեր մասնագիտությունների պահանջվածությունը, սակայն փրկարարի աշխատանքը մնալու է անփոխարինելի։

Մասնագիտական տոնի առթիվ մի շարք փրկարարներ պարգևատրվել են մեդալներով և ստացել արտահերթ կոչումներ։

Leave a Comment