Դատական համակարգը շուրջ մեկ ամիս է` չի հասնում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործի բուն դատաքննությանը։ Առաջին նիստը կայացել էր օգոստոսի 7-ին, դրանից հետո գործը հաջորդաբար հայտնվել է երեք դատավորի մոտ, իսկ այժմ այն հասել է Վճռաբեկ դատարան, որի քրեական պալատը և պետք է վերջնականապես որոշի, թե որ դատարանն է իրավասու քննել այն։
Դատաիրավական համակարգում առկա խնդիրների համակարգային լուծումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապում է նոր Սահմանադրության ընդունման հետ, իսկ եկեղեցուն առնչվող խնդիրների լուծման տարբերակները դիտարկում կառավարության ծրագրում։
Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների քրեական գործով բուն դատաքննությունը դեռ չի սկսվել։ Գործով արդեն երեք դատավոր է ներգրավվել, իսկ այս պահին այն հայտնվել է Վճռաբեկ դատարանի քննարկման տիրույթում՝ ընդդատության հարցով։
Գործով առաջին դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ է հայտնել, երկրորդը՝ Սերժ Ռուշանյանը, գործը Երևանի դատարան է ուղարկել՝ տարածքային ընդդատության հարցով, իսկ երրորդը՝ Վահագն Մելիքյանը, Վճռաբեկ դատարան է դիմել՝ այդ հարցը կրկին դիտարկելու համար։
Իսկ ի՞նչ է ընդդատությունը։ Սա իրավական գործընթաց է, որի միջոցով որոշվում է, թե որ դատարանն է իրավասու քննել կոնկրետ քրեական գործը՝ հաշվի առնելով, այդ թվում, ենթադրյալ հանցանքի կատարման վայրը։
Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով հենց այս հանգամանքն է խնդրահարույց դարձել։ Դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ի նիստում նշել էր, որ մեղադրանքում հստակ նշված չէ, թե որտեղ է կայացվել կարգալույծ անելու որոշումը, իսկ դա կարևոր է՝ գործի տարածքային ընդդատությունը որոշելու համար։
«Չեմ պատրաստվում խուսափել այս գործի քննությունից։ Եթե վեճի արդյունքում կլուծվի, որ այս գործը ինձ է ընդդատյա, կհանդիպենք հաջորդ դատական նիստին»։
Ռուշանյանը գործով նշանակված երկրորդ դատավորն էր։ Սկզբում գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի ժամանակ, նա ինքնաբացարկ էր հայտնել։ Անձամբ մեկնաբանություն չէր տվել, թե ինչու, իսկ փաստաբան Արա Զոհրաբյանը շահերի ենթադրյալ բախումից էր խոսել։
Օգոստոսի 10-ին գործը վերաբաշխվել էր և մակագրվել Սերժ Ռուշանյանին, որն էլ օգոստոսի 28-ին որոշել էր այն ուղարկել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Երևանի դատարանը գործը ստացել է սեպտեմբերի 1-ին և այն մակագրել դատավոր Վահագն Մելիքյանին։ 2 օր անց Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի տարածքային ընդդատության հարցը վերջնականապես լուծելու համար։
Հոգևորականների գործով զբաղվող փաստաբանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը այս շղթան այս կերպ է դիտարկում.
«Սա խոսում է նաև այն մասին, որ դատավորները բոլոր դեպքերում հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է։ Մի կողմից իրենց խիղճն է, մյուս կողմից՝ քաղաքական ճնշումը, և այս առումով երևի թե այս ճանապարհն են փնտրել և գտել»։
Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու վեց եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ խոսքը դատարանի սահմանած արգելքի պայմաններում Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ անելու մասին է։
Սարոյանը, որի հոգևոր անունը Գևորգ է, դատարանից պահանջել էր վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանի այդ որոշումից հետո Մայր Աթոռը նրան չի վերականգնել և կարգալույծ է հայտարարել, ինչից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։
Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ տարածքային ընդդատության հարցը լուծելու համար։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, օրենքով նախատեսված կարգով, պետք է որոշի՝ որ դատարանն է իրավասու քննել այս գործը։
Դատաիրավական համակարգում խնդիրների մասին հաճախ է խոսում վարչապետ Փաշինյանը և դրանց լուծումը կապում գործող Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսված երաշխիքների փոփոխության հետ։ Վերջերս նա, մասնավորապես, ասել է․
«Այսօր ես պատասխանատու կերպով ասում եմ՝ Հայաստանում դատական համակարգը սպասարկում է էլիտաների, հիմնականում նախկին էլիտաների շահերը։ Ինստիտուցիոնալ խորը պրոբլեմ ունենք»։
ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ նա ասել է, որ դատաիրավական համակարգի խնդիրը հիմնովին լուծելու համար նոր Սահմանադրությամբ պետք է փոխվի նաև դատավորների կարգավիճակի հարցը՝ բոլոր գործող դատավորներին տալով այդ պարտականությունները ժամանակավորապես կատարողի կարգավիճակ և նրանց չպահելով գործող Սահմանադրական պաշտպանության ներքո։
Դատական գործընթացին զուգահեռ` իշխանությունը նաև քաղաքական մակարդակում է ձևակերպել իր նպատակը։ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում նշված է․ «Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)», Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու կանոնադրության ընդունումը և սահմանված կարգով Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունը»։
Այս ֆոնին էլ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործը դեռ սպասում է հիմնական հարցի պատասխանին՝ ո՞ր դատարանն է այն քննելու։ Պատասխանը պետք է տա Վճռաբեկ դատարանը։