Ցածր գին, բարձր որակ․ Հայաստանի կառավարությունը, թերևս, այս տրամաբանությամբ կկողմնորոշվի, թե նոր ատոմակայանի հարցում ո՞ր երկրի առաջարկած մոդելն է ընտրելու։ Ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը ևս 10 տարով տարով երկարաձգվել է։ Օրերս ատոմակայանը պլանային նախազգուշական վերանորոգման հաջող ավարտից հետո միացվեց էներգաբլոկին։
Առաջիկայում «Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Հայաստան։ Հինգ երկիր ՀՀ-ին առաջարկել է մոդուլային ատոմակայան կառուցել։ Երկրների աշխարհագրությունը մեծ է՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան,Կորեա, Չինաստան։ Հայաստանը, սակայն, ընտրության հարցում չի շտապում։
Հայաստանը նոր ատոմակայանի հետ կապված արդեն իսկ պայմանավորվել է, որ սեպտեմբերին Հայաստան կայցելի «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։ Այս մասին որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասել է․
«Նա կներկայացնի այն առաջարկները, որ Ռուսաստանն այսօր կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ ատոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Ով մեզ լավագույն առաջարկն անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից»։
Այս տարի լրանում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը։ Բայց Հայաստանը կկարողանա ատոմակայանը իր էներգահամակարգում պահել առնվազն մինչև 2036 թվականը։ 2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին սոցցանցում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Մեջբերում․ «Վերանորոգման ընթացքում իրականացվել է շուրջ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։ Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։ Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան»։
Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագրի համար կառավարությունը շուրջ 63 մլրդ դրամ է հատկացրել։ Բայց վերջին շրջանում պատասախանատուները չեն բացառում, որ դրանից հետո էլ, եթե ամեն ինչ բարեհաջող լինի, այն շարունակի աշխատել; Այս պահին Հայաստանը դեռ շարունակում է քննարկումները նոր ատոմակայանի կառուցման շուրջ։
2024-ի վերջին կառավարությունը փակ բաժնետիրական ընկերություն ստեղծեց։ Այն ատոմակայանի մոդելի ընտրության հարցում խորհրդատվական ծառայություն է մատուցում կառավարությանը: Ո՞ր տարբերակը կընտրվի՝ ռուսակա՞ն, ամերիկյա՞ն, ֆրանսիակա՞ն, թե՞ կորեական։ Ընտրության կարևոր գործոններից են առաջարկվող հզորությունները, անվտանգությունը, և միայն դրանցից հետո՝ արժեքը։ Դեռ միայն հստակ է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային, ասում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․
«Շարունակվում են նոր ատոմականի կառուցման մասով քննարկումները։ Առաջիկա տարվա ընթացքում կամ հաջորդ տարի կընտրենք մոդելը»։
Նոր ատոմակայանի ֆինանսական բաղադրիչը շատ կարևոր է, քանի որ կառուցման արժեքը կարող է էական ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Իսկ առաջարկները ֆինանսական առումով իրարից տարբերվող են, հետևաբար, ըստ ՏԿԵ նախարարի, գլխավոր պայմաններից մեկը հնարավորինս մատչելի առաջարկն է։
Ինչպես ցանկացած մեծ նախագծի, այնպես էլ այս դեպքում առաջնայինը գիտական միտքն է։ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամիբիոնի պրոֆեսոր, հեռանկարային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Բալաբեկյանն ասում է, որ ատոմային էներգետիկան արագ է զարգանում։ Այն այժմ համաշխարհային Էներգիայի հիմնական աղբյուրներից է։
Զարգացման հիմնական ուղղությունը անվտանգ էներգիան է՝ արևային, հողմային, ջրային։ Սրանք շրջակա միջավայրը զերծ են պահում աղտոտումից։ Ատոմային էներգետիկան սրանց միջին մասում է։ Այն ևս, ըստ գիտնականների, շրջակա միջավայրը չի աղտոտում, քանի որ բնական հումքի վրա է հիմնված, էներգետիկական ցանցում ունի մեծ չափաբաժին։ Ընդհանրապես, աշխարհում երկու տիպի ատոմակայաններն են զարգանում՝ ասում է մասնագետը՝ ստացիոնար ատոմակայաններ ու փոքր մուդուլային․
«Փոքր մոդուլային ատոմակայանները նոր խոսք են այս բնագավառում։ Թեկուզ հիմքը դրվել է վաղուց, սակայն վերջին ժամանակներում շատ ավելի ակտիվ ենք խոսում փոքր մոդուլային ռեակտորների մասին։ Ինչո՞վ է գրավիչ․ նրանք ավելի կոմպակտ են, անվտանգության առումով բավականին անվտանգ են։ Հաշվի առնելով նախկիններում եղած բոլոր վթարները, որոնք տեղի են ունեցել ատոմակայաններում, այժմ հաշվի առնելով անվտանգությունը, բավականին վերացրել են վտանգի այդ աղբյուրները և բավականին անվտանգ են դարձել»։
Հինգ երկիր ՀՀ–ին առաջարկել է մոդուլային ատոմակայան կառուցել։ Աշխարհագրությունը մեծ է՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, Հարավային Կորեա, Չինաստան։ Հայաստանը, սակայն, ընտրության հարցում չի շտապում։