Նեպալում փրկության հույսը դեռ չի մարել. Աղետից ինը օր անց անհետ կորած համարվող մարդիկ են հայտնաբերվել

Բնական աղետից ինը օր անց Նեպալում մարդկանց փրկության հույսի առաջին նշույլներ են հայտնվել։ Փրկարարներին հաջողվել է Տրիշուլի-3A հիդրոէլեկտրակայանի փլուզված թունելից կենդանի դուրս բերել երկու աշխատողի, որոնք օրեր շարունակ մնացել էին քարով ու ցեխով ծածկված տարածքում։ Նրանց փրկությունը նոր հույս է տվել անհետ կորածների հարազատներին։

Երկրում շարունակում են պայքարել աղետի ծանր հետևանքների դեմ. հարյուրավոր մարդիկ դեռ որոնվում են, հազարավոր ընտանիքներ անօթևան են, փրկարարական աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։

Նեպալում Տրիշուլի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի թունելում փրկարարները կենդանի մնացած մարդկանց են հայտնաբերել։ Կայանի երկու աշխատողներին  հաջողվել է փրկել սառցադաշտի փլուզումից ինը օր անց։ Վերջին տվյալներով՝ բնական աղետը Նեպալում ավելի քան 1200 մարդու կյանք է խլել, տասնյակ հազարավոր մարդկանց թողել անօթևան։

Համացանցում շարունակվում են նորանոր կադրեր հրապարակվել։ Տեսանյութերից մեկն այն մասին է, թե ինչպես են զինվորականները  բուժօգնություն ցուցաբերում փրկվածներից մեկին։

«Նա Սանջայ Շահն է, 32 տարեկան է և աշխատում է մեխանիկական կառավարման սենյակում։ Նրա կենսական ցուցանիշները նախնական նորմալ ենք գնահատել։ Այսպիսին է նրա վիճակը»։

Էլեկտակայանի աշխատակիցների փրկության մասին առաջինը սոցցանցում հայտնել է Նեպալի խորհրդարանի պատգամավոր Ռամ Նեուպանեն։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև Նեպալի բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Ռաջա Ռամ Բասնեթը։ Թունելի տարածքում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ըստ որոշ տվյալների՝ Տրիշուլի գետի երկայնքով կառուցվող էլեկտրակայանի տարածքում անհետ կորել է առնվազն 557 աշխատող։ Նրանցից 115-ը, ենթադրաբար, մնացել են գլխավոր թունելում։

Փրկարարներն ասում են, որ դեռ հույս կա թունելում ողջ մնացած մարդկանց գտնելու։

Միաժամանակ աղետի հումանիտար հետևանքները շարունակում են խորանալ։ Ավերիչ հեղեղից հետո հազարավոր մարդիկ կորցրել են իրենց տները և այժմ ապաստանել են ժամանակավոր օգնության կենտրոնների վերածված դպրոցներում։

Օգնության կետերում մարդիկ առաջին անհրաժեշտության պարագաներ են ստանում՝ անկողնային պարագաներ, հագուստ, հիգիենայի միջոցներ։ Սակայն ամենամեծ խնդիրը ապագայի անորոշությունն է նրանց համար։

24-ամյա Սուջատա Թակուրը պատմում է, որ գոյության պայմանները չափազանց ծանր են։

«Այս փոքրիկ սենյակում հինգ ընտանիք է մնում։ Մենք տուն չունենք։ Հիմա ո՞ւր գնանք։ Ի՞նչ անենք»։

Մարդիկ տարիների աշխատանքով ողջ ստեղծածը կորցրել են և հիմա ստիպված են ամեն ինչ սկսել զրոյից, ասում է Սուջատա Թակուրը։

Նույն մտահոգությունն ունեն նաև մյուս տեղահանվածները։ Ռաջենդրա Չիտրակարը վախենում է, որ ժամանակավոր կացարաններն առաջիկայում կփակվեն։

«Նրանք դպրոցը երկար ժամանակ փակ չեն պահի և մեզ կասեն՝ հեռացեք։ Այդ դեպքում ո՞ւր ենք գնալու։ Ի՞նչ ենք անելու»։

Աղետը հարվածել է նաև Տիբեթին։ Չինաստանի իշխանությունները հայտնում են տասնյակ զոհերի և հարյուրավոր անհետ կորածների մասին։ Նախնական գնահատականներով՝ ջրհեղեղները Նեպալին հասցրել են շուրջ 2 միլիարդ 560 միլիոն դոլարի վնաս, ավերվել կամ լրջորեն վնասվել են հազարավոր բնակարաններ, ճանապարհներ և ենթակառուցվածքներ, իսկ կառավարությունը ստիպված կլինի վերակառուցելու շուրջ 20 հազար տուն։

Փրկարարական գործողություններն այժմ հիմնականում կենտրոնացած են հիդրոէլեկտրակայանների թունելների վրա, որտեղ, ենթադրաբար, դեռևս հարյուրավոր աշխատողներ են մնացել։ Գործողություններին մասնակցում են նաև Հնդկաստանից, Չինաստանից և Միացյալ Նահանգներից ժամանած մասնագիտացված խմբերը։ Թե դեռ որքան կենդանի մարդ կա փլատակների տակ, անհայտ է։ Սակայն կայանի երկու աշխատողի փրկությունը նոր հույս է տվել թե՛ փրկարարներին, թե՛ անհետ կորածների հարազատներին։

Leave a Comment