«2% մայրակաթով մեղր»․ դատարանում վկան պարզաբանեց՝ ինչ է իրականում հետազոտվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է քրեական գործի քննությունը, որի շրջանակում դատարանը հարցաքննեց «Նարեկ» գիտահետազոտական ընկերության լաբորատորիայի նախկին աշխատակից Ստեփան Միքայելյանին։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրող Հայկ Ավետյանը, մեղադրյալներ Արմեն Մակարյանը և Ռուբեն Ասատրյանը, պաշտպաններ Արթուր Գրիգորյանը, Արմեն Սողոմոնյանը, Հունան Բաբայանը, ինչպես նաև վկաներ Արթուր Նաջարյանը, Արթուր Վարդանյանը և Ստեփան Միքայելյանը։

Վկան դատարանում հայտնեց, որ «Նարեկ» գիտահետազոտական ընկերությունում աշխատում է շուրջ 2016 թվականից և տարբեր ժամանակներում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։ Դատական քննության ընթացքում հիմնական հարցերից մեկը վերաբերում էր լաբորատորիայի կողմից նախկինում տրված փաստաթղթում նշված «2% մայրակաթով մեղր» ձևակերպմանը։

Վկան պարզաբանեց, որ հետազոտված նմուշը եղել է բնական մեղր, սակայն ինքը չի կարող հաստատել, որ դրա կազմում իրականում առկա է եղել 2 տոկոս մայրակաթ։ Նրա խոսքով՝ նման կոնկրետ հետազոտություն, որով հնարավոր կլիներ պարզել մայրակաթի պարունակությունը, տվյալ նմուշի նկատմամբ չի իրականացվել։ Դատարանում նաև հարց բարձրացվեց՝ արդյոք լաբորատորիան տեխնիկապես հնարավորություն ունեցել է որոշելու՝ նմուշը պարունակում է 2 տոկոս մայրակաթ, թե ոչ։ Վկան նշեց, որ չի հիշում՝ համապատասխան սարքավորումն այդ ժամանակ լաբորատորիան ունեցել է, թե ոչ, և չկարողացավ հստակ ասել՝ 2019-2021 թվականներին նման հետազոտություն իրականացնելու տեխնիկական հնարավորություն եղել է, թե ոչ։

Միաժամանակ վկան նշեց, որ լաբորատորիան հետազոտել է մեղրը՝ համապատասխան չափանիշներով, և հետազոտության արդյունքում այն ներկայացվել է որպես բնական մեղր։ Հարցերի ընթացքում պարզաբանվեց նաև, որ մեղրի հիմնական բաղադրությունը կապված է շաքարների՝ մասնավորապես գլյուկոզայի և ֆրուկտոզայի հետ, իսկ իրականացված հետազոտություններում որոշվել են համապատասխան ցուցանիշներ։

Պաշտպանական կողմը փորձեց հստակեցնել՝ արդյոք փաստաթղթում «2% մայրակաթով մեղր» ձևակերպումը նշանակում է, որ լաբորատորիան փաստացի հաստատել է նմուշում մայրակաթի առկայությունը։

Վկայի պատասխաններից, սակայն, հետևեց, որ փաստաթղթի վերնագրում նշված «2% մայրակաթով մեղր» ձևակերպումը ինքնին չի նշանակում, որ լաբորատորիան իրականացրել է մայրակաթի պարունակության հատուկ փորձաքննություն։ Վկան նաև հաստատեց, որ հետազոտված նմուշը եղել է բնական մեղր։

Դատական նիստի ընթացքում կողմերը անդրադարձան նաև վկայի՝ նախաքննության և դատաքննության փուլերում տված ցուցմունքների միջև առկա հնարավոր հակասությանը։

Մեղադրող կողմը ներկայացրեց դիրքորոշում, որ վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքում «2% մայրակաթով մեղր» լինելու հանգամանքին վերաբերող հատվածը և դատարանում նրա ներկայացրած պարզաբանումները միմյանց չեն համապատասխանում։ Դրա հիմքով միջնորդություն ներկայացվեց հրապարակելու վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքի համապատասխան հատվածը։

Դատարանը, քննարկելով կողմերի դիրքորոշումները, արձանագրեց, որ առկա է վկայի նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև հակասություն՝ մասնավորապես այն հարցի շուրջ, թե արդյոք խոսքը եղել է 2 տոկոս մայրակաթ պարունակող մեղրի մասին։ Դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը և հրապարակեց վկայի նախաքննության ցուցմունքի համապատասխան հատվածը։

Հրապարակված ցուցմունքի ընթացքում կրկին քննարկվեց այն հանգամանքը, թե ինչ նշանակություն է ունեցել փաստաթղթի վերնագրում «2% մայրակաթով մեղր» ձևակերպումը։ Վկան բացատրեց, որ այդ ձևակերպումը կապված է եղել նմուշի անվանման հետ, իսկ իրականացված հետազոտությունը վերաբերել է բնական մեղրի համապատասխան ցուցանիշների ստուգմանը։

Դատարանում նաև հարց բարձրացվեց՝ արդյոք իրականացված հետազոտության հիման վրա տվյալ ապրանքը կարող էր օրինականորեն վաճառվել որպես «2% մայրակաթով մեղր»։ Վկան այդ հարցին պատասխանել չկարողացավ՝ նշելով, որ չի կարող համապատասխան գնահատական տալ։

Այսպիսով, դատական նիստում առանցքային դարձավ այն հարցը, թե փաստաթղթում նշված «2% մայրակաթով մեղր» ձևակերպումը փաստացի հաստատված լաբորատոր ցուցանիշ էր, թե պարզապես նմուշի անվանում։ Վկայի ցուցմունքներից հետևում է, որ մայրակաթի 2 տոկոս պարունակության առանձին հետազոտություն, ըստ նրա հիշողության, չի իրականացվել, մինչդեռ նմուշը հետազոտվել է որպես բնական մեղր։

Քրեական գործի դատական քննությունը շարունակվում է։ Դատարանը հետագա նիստերում կգնահատի վկայի ցուցմունքները, ներկայացված փաստաթղթերը և դրանց միջև առկա հնարավոր հակասությունները։

Գործով հաջորդ դատական  նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 14:00։

Տեղեկացնում է Iravaban.net-ը։

Leave a Comment