Ուկրաինան սկսել է Մոսկվայի օդանավակայանների «շրջափակման» գործողությունը՝ օգտագործելով հազարավոր անօդաչու թռչող սարքեր, չորեքշաբթի՝ սեպտեմբերի 2-ին, հայտնել է ամերիկյան The Atlantic ամսագրի լրագրող Սայմոն Շուստերը՝ հղում անելով Կիևի աղբյուրին։
«Նախագահ Զելենսկին պաշտոնապես հայտարարել է «M&Ms» գործողության մեկնարկի մասին, որի մասին մենք անցյալ ամիս գրել էինք The Atlantic-ում։ Աղբյուրներից մեկը, որն ինձ առաջինը տեղեկացրեց այդ ծրագրի մասին, այսօր առավոտյան հաստատեց, որ դա իսկապես «M&Ms» գործողություն է»,-գրել է Շուստերը սոցիալական ցանցերում։
Ինքը՝ Վոլոդիմիր Զելենսկին, չնայած չի օգտագործել «M&Ms» անվանումը և հրապարակայնորեն չի հայտարարել նման գործողության մեկնարկի մասին, սակայն սեպտեմբերի 1-ի իր տեսաուղերձում նա զգուշացրել է ավիաընկերություններին և ռուսական օդանավակայաններից օգտվողներին, որ Ռուսաստանի օդային տարածքն այլևս «անվտանգ չէ»։
Ուկրաինան պաշտոնապես տեղեկացրել է ՄԱԿ-ի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը (ICAO), որ Ռուսաստանի օդային տարածքն անապահով է քաղաքացիական ավիացիայի համար՝ ռազմական ակտիվության աճի պատճառով, սեպտեմբերի 2-ին սոցիալական ցանցերում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ «Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել դրանից»,-գրել է նա։
Զելենսկու հայտարարությունից հետո Մոսկվայի օդանավակայանները սկսել են սահմանափակել գործողությունները։ Flightradar24-ի տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի գիշերը Շերեմետևո օդանավակայանում չեղարկվել է 21 չվերթ, իսկ Վնուկովո օդանավակայանում՝ 22 չվերթ, 94 չվերթ է հետաձգվել։
Հաջորդ գիշեր իրավիճակը, ըստ էության, կրկնվել է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի մայրաքաղաքին մոտենալիս խոցվել է 103 անօդաչու թռչող սարք, իսկ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության 16 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, ուկրաինական 416 անօդաչու թռչող սարքի «ոչնչացման» մասին։