Մոսկվայում Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաներին ներկայացրել են Արցախի պատմությունը

03 Սեպտեմբերի 2026, 18:00

Մոսկվայում Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները Արցախի անկախության օրվա առթիվ սեպտեմբերի 2-ին այցելել են Մոսկվայի «Տապան» թանգարան՝ ավելի մանրամասն ծանոթանալու Արցախի պատմությանը, եկեղեցիներին և բնակավայրերին։

Լազարյանների անվան հայագիտության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Մինասյանը, ցուցադրելով Արցախի մեծածավալ ռելիեֆային քարտեզը, ներկայացրել է Արցախի հոգևոր ժառանգությունը, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերի պատմությունը, ինչպես նաև ժողովրդի կենցաղն ու ավանդույթները։

Մինասյանը նշել է, որ թեև պատմական Հայաստանի մասերից մեկը՝ Արցախը, այսօր ավերված և ամայացած է, այն շարունակում է ապրել հայերի հիշողության մեջ։

«Արցախի պատմությունը չի ավարտվել, քանի դեռ կա գոնե մեկ հայ, ով կարոտում է Արցախը և խոսում նրա մասին։ Մենք հավատում ենք, որ վերադառնալու ենք», — ընդգծել է նա։

Leave a Comment