Արտահանման ազատականացումը առաջնահերթություն է Հայաստանի համար․ ԵՄ նախաձեռնությունը

ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 2-ին համաձայնություն է տվել Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ ժամանակավոր ազատականացման միջոցառումներին։ Դրանք նախատեսում են մոտ 80 %-ով ազատականացնել հայկական արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա։ Կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումը կգործի երկու տարի։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան օրակարգային է Հայաստանի կառավարության համար։ Որպեսզի եվրոպական շուկան հայ տնտեսվարողներին հասանելի լինի, գործադիրում աջակցության տարբեր ծրագրեր են հաստատում։

Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի արտահանման շուկաները․ այդ քաղաքականությունը հստակ է։ Կառավարության նիստում սա ևս մեկ անգամ հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Կարծում եմ, որ եթե ԵԱՏՄ շրջանակում հենց հիմա բոլոր խնդիրները վերանան, դիվերսիֆիկացիան պետք է դառնա մեր ռազմավարությունը՝ անկախ ամեն ինչից։ Այստեղ մենք այդ ուղղությունից չպետք է շեղվենք»։

Տարիներ շարունակ հայ արտադրողի համար արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է եղել։ Բայց այդ երկրի հաստատած սահմանափակումներից հետո արտահանման աշխարհագրությունը Հայաստանի համար ընդլայնվում է։ Սեպտեմբերի 2–ին ԵՄ խորհուրդը համաձայնել է 80 %-ով ժամանակավորապես ազատականացնելու հայկական արտադրանքի արտահանումը ԵՄ շուկա։ Մաքսատուրքերի ժամանակավոր կասեցումը նախատեսվում է երկու տարով՝ կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո։ Գյուղատնտեսական որոշ ապրանքների համար սակագնային քվոտաներ կգործեն։ Հայաստանը պետք է պահպանի արահանման կանոնները, մաքսային/վարչական հարցերում գործակցի ԵՄ-ի հետ, նոր սահմանափակումներ չկիրառի ԵՄ ներմուծումների նկատմամբ և հարգի CEPA-ի հիմնարար սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները։  

Եվրոպական խորհրդարանի դրական դիրքորոշման դեպքում Խորհուրդը վերջնականապես կընդունի կանոնակարգը։ Այն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։

ԵՄ շուկաները տնտեսվարողներին հասանելի դարձնելու համար Հայաստանի կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր է իրականացնում՝ ֆինանսական աջակցություն ըստ առանձին ենթախմբերի։

Մոշի, կեռասի, ազնվամորու արտահանման ներուժը սպառվել է՝ տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարը և ներկայացնում այլ ապրանքների համար նախատեսվող գործողությունները․

«Ավելացրել ենք ծաղիկը որոշ երկրների դեպքում՝ 37 դրամ, մի մասի համար 50 դրամ էր, հիմա ընդհանուր առմամբ,  50 դրամ ենք սահմանում բոլոր երկրների համար։ Վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար տրամադրվող փոխհատուցման ժամկետը ևս 1 ամսով երկարաձգում ենք, մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային, բոլոր տեսակի, արդեն իսկ ընդունված միրգ-բանջարեղենի համար պահպանված են»։

Այն, որ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է, իսկ ԵՄ երկրներ արտահանման ծավալը՝ ավելանում, նաև վիճակագրությունն է փաստում։

«Եթե անցած տարվա առաջին 7 ամսում 865 մլն դոլարի ագրոպարենային արտադրանք է արտահանվել՝ սկսած մրգից, բանջարեղենից մինչև վերամշակված արտադրանք, ապա այս տարի՝ հուլիսը ներառյալ, ընդամենը 1,85 %-ով պակաս է արտահանվել՝ 849 մլն դոլարի»։

28 երկիր ծաղիկ, 24 երկիր միրգ, 16 երկիր բանջարեղեն է արտահանվել։ Վարչապետն ընդգծում է՝  Հայաստանը չոր մրգերի որակյալ արտադրող է․

«Բացի մեր պատկերացրած չրերից՝ չոր մրգերի արտադրանք կա, որ շատ հետաքրքիր է։ Միրգը որոշակի տեխնոլոգիայով պարզապես չորացրած է։ Ես տարբեր տեղերից անընդհատ լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա ինչո՞ւ եմ ասում․ որովհետև հետաքրքիր ուղղություն է։ Հաշվի առնելով, որ մենք հիմա նաև  այս տարվա ընթացքում առաջացած խնդիրների պատճառով մթերումներն ենք լրացուցիչ խթանել, և նաև լավ լուրն այն է, որ չրերի և չորացրած մրգերի դեպքում պահպանման հետ կապված ժամկետների ավելի մեծ ճկունություն կա»։

Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ խնդիրներ եղան, բայց պետության և մասնավորի ջանքերով այժմ դրանք կառավարելի են։

Leave a Comment