Երկրաշարժից անօթևան մնացած ևս 15 ընտանիք կստանա բնակարանային ապահովման պետական աջակցություն

Iravaban.net–ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդրի լուծմանն ուղղված պետական աջակցությունը։

Կառավարության քննարկմանը ներկայացված որոշման նախագծի համաձայն՝ այդ ընտանիքները ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 7-ի N 20-Ա հրամանով ճանաչվել են բնակարանային ապահովման ծրագրի շահառուներ։

Խոսքը Լոռու և Շիրակի մարզերի բնակավայրերում բնակվող ընտանիքների մասին է, որոնց բնակապահովման իրավունքը վերականգնվել է դատական կարգով։

Շահառուներին աջակցությունը նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով։

Նշվում է, որ այդ նպատակով պետական բյուջեով նախատեսվել է 107 մլն 754.5 հազար դրամ, մինչդեռ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 101 մլն 946.5 հազար դրամ։ Գումարների տարբերությունը պայմանավորված է Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից ներկայացված ճշգրտված հաշվարկ-հիմնավորումներով։

Միաժամանակ, գործող կարգավորումներում առկա չէ համապատասխան ընթացակարգ, որի միջոցով հնարավոր կլիներ տրամադրել նախատեսված աջակցությունը։ Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքը և մեկնարկել 15 ընտանիքներին բնակարանային աջակցության տրամադրման գործընթացը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է լուծել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքի բնակարանային խնդիրը։

Նախագիծը կապվում է նաև քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի հետ, որի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակում ձևավորված պետական պարտավորությունների կատարումը։

Leave a Comment