Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ու հայտնել, որ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, և կքննարկենք տարբեր հարցեր։ Նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։ Մասնավորապես, գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն՝ ինչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, որ տողերն են, որոնց հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը, որ տողերն են, որոնց հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ, որտեղ է, որ մենք ունենք միանշաակ դրական կարծիք, և որտեղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,- նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ քննարկել են ամենատարբեր ոլորտների հարցեր, անդրադարձ է եղել նաև Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը։
«Երկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ վիճակը չի կարող երկար շարունակվել, և պետք է լուծումների գնանք»,- ասել է Փաշինյանը։