Հայաստանի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվել է 2 տարի 2 ամիս ազատազրկման

ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթինի դաշնային դատարանը Հայաստանի քաղաքացի Կամո Կիրակոսյանին դատապարտել է 2 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու և ԱՄՆ-ից ռուսական ընկերությանը սարքավորումներ մատակարարելու համար։

ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Կիրակոսյանը 2022 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի օգոստոսը հանդես է եկել որպես միջնորդ գնորդ։ Նա ամերիկյան արտադրության, այդ թվում՝ կիսահաղորդիչների արտադրության համար օգտագործվող բաղադրիչներ է ձեռք բերել և այնուհետև վերավաճառել ռուսական կողմին։

Ըստ գործի նյութերի՝ Կիրակոսյանը ամերիկյան ընկերություններին ներկայացել է որպես Հայաստանից գործող գնորդ՝ թաքցնելով ապրանքների վերջնական ստացողներին։ Նա համագործակցել է ռուսական «vakuum.ru» ընկերության հետ։

2026 թվականի ապրիլին Կիրակոսյանը մեղավոր է ճանաչել իրեն դաշնային օրենսդրությունը խախտելու նպատակով դավադրության մեկ դրվագով։

Կիրակոսյանը ձերբակալվել էր Գերմանիայում 2024 թվականին, իսկ 2025 թվականի օգոստոսին արտահանձնվել էր ԱՄՆ-ին։

ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ սա վերջին չորս տարիների ընթացքում առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացին ԱՄՆ-ում դատապարտվում է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։

Leave a Comment