Ինչպե՞ս հաջողվեց շրջանցել օրենքն ու Թրամփի պատկերը տեղադրել նոր մետաղադրամի վրա

ԱՄՆ դրամահատարանի թողարկած Դոնալդ Թրամփի պատկերով նոր 1 դոլարանոց մետաղադրամը պատմական է. վերջին 100 տարվա մեջ Թրամփն առաջին գործող ու ողջ նախագահն է, որի դիմանկարը հայտնվել է ամերիկյան արժույթի վրա:

Մինչ այս, ԱՄՆ պատմության մեջ նման բացառիկ դեպք եղել էր միայն 1926 թվականին, երբ Անկախության 150-ամյակի հուշադրամի վրա պատկերվել էր նախագահ Քալվին Քուլիջը:

Մետաղադրամը նվիրված է ԱՄՆ Անկախության հռչակագրի 250-ամյակին:

Դիմերեսին պատկերված է Դոնալդ Թրամփի դիմապատկերը, «LIBERTY» (Ազատություն), «IN GOD WE TRUST» (Աստծուն ենք ապավինում) կարգախոսները և «1776 ~ 2026» տարեթվերը: Դարձերեսին ԱՄՆ նախագահի կնիքն է՝ «250» թվով:

Չնայած ոսկեգույն երանգին՝ այն թանկարժեք մետաղներ չի պարունակում: Պատրաստված է պղնձի (88,5%), ցինկի, մանգանի և նիկելի համաձուլվածքից: Այն պաշտոնական և օրինական վճարամիջոց է, որով կարելի է գնումներ կատարել:

ԱՄՆ օրենսդրությամբ արգելված է սովորական դրամների վրա պատկերել ողջ մարդկանց դիմանկարները (օրինակ՝ նախագահական մետաղադրամների մասին օրենքը թույլ է տալիս պատկերել նախագահներին միայն նրանց մահից առնվազն երկու տարի անց):

Սակայն Թրամփի վարչակազմն օգտվել է իրավական մի նրբությունից: Դեռ 2020 թվականին Թրամփի ստորագրած հատուկ օրենքը թույլ է տալիս ԱՄՆ 250-ամյակի առթիվ թողարկել հոբելյանական մետաղադրամներ: Այդ փաստաթղթում նշված է, որ ողջ մարդկանց պատկերել չի կարելի միայն մետաղադրամի դարձերեսին: Քանի որ դիմերեսի մասով որևէ արգելք չի սահմանվել, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարողացել է Թրամփի պատկերը տեղադրել մետաղադրամի վրա:

Leave a Comment