ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որը հաշմանդամություն ունի և կալանքի հարցի քննարկմանը տարվել է պատգարակով, այժմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։ Խաչատրյանը կալանավորվել է հանրային քրեական նոր հետապնդման շրջանակում։ Նրա ընտանիքին առնչվող վարույթները, սակայն, նախաձեռնվել են դեռևս 2019 թվականից։ Նոր մեղադրանքում խոսքն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։
Պատգարակով դատարանի դահլիճ, ապա՝ կալանավայր․ արտասովոր այս տեսարանը հանրային տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկվում է՝ երկրորդ պլան մղելով Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին մեղսագրվող արարքները։
71-ամյա Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին, մինչդեռ պետական մարմինները վկայակոչում են 2025 թվականի հունիսի 19-ին և 2026 թվականի հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները և հիմնավորում, որ Գագիկ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել, որ վարույթային գործողություններին մասնակցի։ ԱԱԾ դիմակավորված ծառայողները այդ հիմքով դատարան են բերման ենթարկել նախկին պաշտոնյային, ու քանի որ նա հաշմանդամություն ունի, ներկայանում է որպես անշարժ, անկողնային հիվանդ, նրան դատարան են տեղափոխել պատգարակով։ Տեսարանը հանրությանը հասանելի դարձավ Գագիկ Խաչատրյանի փաստաբանի հրապարակած կադրերի միջոցով․
–Բարձրացնում դնում ենք պատգարակի վրա։ Վերջ։
–Պարոն փոխգնդապետ, տեղեկացված եղեք․ Ձեր գործողությունները հանդիսանում են խոշտանգում, վաղեմության ժամկետ չունեն, քրեական պատասխանատվության ենթարկվելու են, Ձեր դիմակը ձեզ չի փրկի։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցցանցում գրառմամբ շտապել է ԱԱԾ գործողությունները որակելու, մեջբերում եմ, «սադիզմ առանց սահմանների»։
Տարածվող տեսանյութին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Այնտեղից հայտնում են, որ պաշտպանի աշխատակազմը Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութից հետո սեփական նախաձեռնությամբ սկսել է հարցի քննարկման ընթացակարգ․ գրասենյակի աշխատակիցները կայցելեն քրեակատարողական հիմնարկ և Խաչատրյանի հետ առանձնազրույց կունենան։ Հանգամանքները պարզելու համար պարզաբանումներ կպահանջվեն նաև իրավասու մարմիններից։ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ այցի արդյունքների, ստացված պարզաբանումների և վերաբերելի բոլոր հանգամանքների ուսումնասիրության ամբողջական ամփոփումից հետո միայն հնարավոր կլինի ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիրքորոշումը։
Քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածից հնչող գնահատականներն այս պահին ավելի զուսպ են։ Նախորդ գումարման ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զերծ է մնում «քաղբանտարկյալ» ձևակերպումն օգտագործելուց․
«Ես Գագիկ Խաչատրյանի գործը չեմ ուսումնասիրել։ Ես երբեք չեմ արժեզրկել «քաղբանտարկյալ» տերմինը, որովհետև ամեն մեկին, որը կձերբակալվի, ասել քաղբանտարկյալ է, նշանակում է չհարգել այն տղերքին, որոնք քաղաքական հայացքների համար անազատության մեջ են ։ Բոլոր այն մարդիկ, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, որոնք ունեն օրենքի հետ կապված խնդիրը, թող օրենքի դաշտում, դատական համակարգը քննի այդ գործերը։ Ոչ մեկը չի ասել, որ ինչ–որ մարդկանց գործեր մի քննեք։ Բայց անկախ նրանից՝ ես ոնց եմ վերաբերվում այդ մարդուն, ինձ համար բռնությունը, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը զազրելի է»։
Դատարանի դահլիճում աթոռների վրա պատգարակով պառկած նախկին բարձրաստիճան պաշտոնյան կալանավորվել է երկու ամսով։ Նոր քրեական վարույթի շրջանակում Խաչատրյանի և նրա որդու տանը խուզարկություններ էին կատարվել։ Նոր մեղադրանքում խոսքն առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։ Օրինակ՝ գործում կան դրվագներ, թե ինչպես է վատնվել մոտ 174,5 միլիոն դրամը «Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում։ Շրջանառվում է նաև Բրյուսովի անվան համալսարանի անունը՝ բուհին պատկանող 208 մլն 908 հզր դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմայի շրջանակում։ Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումն առնչվում է ավելի քան 151 մլն դրամի հանցավոր ծագումը քողարկելուն։
Հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո իշխանության ներկայացուցիչները խոսում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործերի քաղաքական դրդապատճառների մասին։ Հայաստանի վարչապետը պարբերաբար հայտարարում է, որ կանխվել է իշխանության բռնազավթման փորձը, որը պետք է լիներ կուտակված գումարի միջոցով։ Վարչապետ Փաշինյանը վերջին ճեպազրույցի ժամանակ նշել էր նաև, որ ութ տարի շարունակ խոսել է նույն մարդկանց՝ պատասխանատվության ենթարկելու մասին՝ զուգահեռաբար դժգոհելով դատաիրավական համակարգի աշխատանքից․
«Սա անընդունելի է, սա պետության հարցն է, և ասում եմ` քաղաքական խնդիրը հետևյալն է` և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի մեկը երբ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն` թոշակը նստե՞լ է, թե՞ ոչ։ Սա է քաղաքական խնդիրը։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և իրենց օրինական եկամուտներով։ Իսկ ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, լումա առ լումա, կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա»։
Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.
- 193 անշարժ գույք Երևանի կենտրոնում և Կոտայքի մարզում
- 29 իրավաբանական անձում մասնակցություն
- 14 շարժական գույք,
- շուրջ 1 մլն 451 հզր դոլարի պարտատոմս,
- շուրջ 147 հզր դոլարի ավանդ,
- շուրջ 23 մլն դոլարի, 409 մլն դրամի և 9․750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք,
- և ավելի քան 17 մլրդ դրամ: