Սեպտեմբերի 2-ից 4-ը Երևանում ավելի քան 100 պատմաբանների, մշակութաբանների ու կովկասագետների մասնակությամբ կանցկացվի «Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։ Կազմակերպիչներն են «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը և Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պատմության և ազգագրության ինստիտուտը։
Հայ և վրացի ժողովուրդները հազարամյակներով ապրել են կողք կողքի, բայց պատմաբանները կարծում են, որ երկու երկրների գիտակրթական միջավայրերի միջև որոշակի ճեղք, խզում է առաջացել։ Պատճառները, նրանց կարծիքով, օբյեկտիվ են, պայմանավորված Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած սոցիալ-տնտեսական, քաղաքական ու ռազմական ցնցումներով։ Այդ բացը 2022-ին փորձել են լրացնել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ու Վրաստանի Շոթա Ռուստավելիի անվան ազգային գիտական ֆոնդը միացյալ ջանքերով։ Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ասում է, որ գործակցության տեսանելի արդյունքներից մեկը երևանյան այս գիտաժողովն է․
«Սրան նախորդող շրջանում արդեն եղել է որոշակի հետազոտական աշխատանք։ Այս միջոցառմամբ, հուսով եմ, արդեն մի քիչ ավելի ինստիտուցիոնալ մակարդակում սկիզբ կդրվի պատմագիտության ոլորտում ու, մասնավորապես, հայագիտական, վրացագիտական ու նաև մի քիչ ավելի լայն՝ կովկասագիտական թեմատիկայով մեր գիտնականների գործակցությանը։ Այս պարագայում, իմ կարծիքով, կարևորագույն հանգամանքը անմիջական գիտական բարձր ստանդարտների վրա հիմնված ու առանց միջնորդների, ինչը շատ կարևոր է, շփումն է մեր պետությունների գիտնականների»։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, պատմաբան Գոռ Մարգարյանի կարծիքով՝ անգամ պատմագիտական ամենասուր հարցերը, երբ դրանք քննարկում են մասնագետները, դադարում են քաղաքական շահարկումների առարկա լինելուց․
«Եթե այս հարցերը քննարկում են երկու երկրների ժողովուրդների գիտական հանրույթները գիտական երկխոսության տեսքով, այս հարցերը դադարում են խզումի, ճեղքումի գործոն դառնալուց։ Դադարում են այլևայլ ուժերի կողմից տարբեր նարատիվներ առաջ քաշելուն, ինչու չէ, նաև խզումն ու ճեղքումը ավելի խորացնելուն, փոխընկալումը բացառելուն ծառայելուց։ Նույնիսկ ամենասուր պատմամշակութային հարցերը եթե քննում են մասնագետները փաստերի և աղբյուրների հիման վար, դրանք արդեն դադարում են հասարակությունների համար վեճի, բանավեճի կամ խզումի առիթ դառնալուց»։
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պատմության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Ճեիշվիլին կարևորում է ոչ միայն հայ և վրացի մասնագետների, այլև ուրիշ երկրներից ժամանած կովկասագետների, պատամաբանների մասնակցությունը կոնգրեսին․

«Մենք նախատեսում ենք քննարկել վրացի և հայ ժողովուրդների պատմությունից շատ հետաքրքիր հարցեր, որոնք երբեմն շատ վիճելի են։ Օրինակ՝ ես և իմ գործընկերը կքննարկենք արվեստի դերը հակամարտություններում։ Սա շատ հետաքրքիր է։ Ինչ վերաբերում է ծրագրում ներկայացված մյուս հարցերին, սա շատ հարուստ կոնֆերանս է։ Շատերը եկել են եվրոպական երկրներից և Վրաստանից։ Մենք կանդրադառնանք բազմաթիվ հարցերի»։
Կոնգրեսի արդյունքները գիտական հոդվածների տեսքով կհայտնվեն ինչպես հետազոտողների, այնպես էլ ոլորտի քաղաքականությունը մշակողների սեղանին, ասում է Գոռ Մարգարյանը․

«Առաջին հերթին ինչո՞վ են կարևոր գիտաժողովի արդյունքները․ դրանց մի մասը գրախոսված հոդվածների, մի մասը ժողովածուի տեսքով ուղարկվելու են միջազգային հրատարակչություն` հրապարակվելու որպես իր տեսակով աննախադեպ այս միջոցառման գիտական արդյունք»։
Հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել երկու տարի հետո Վրաստանում։