«Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 31-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները քարոզարշավի ընթացքում գտնվել են Ալավերդի քաղաքի «Սանահին կայարան»-ի հարևանությամբ, որտեղ ԴԵՊՈ-ի մեքենավարն էլեկտրոքարշով հետընթաց կատարելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու անգամ երեք րոպե պարբերականությամբ նախազգուշական ձայնային ազդանշան է հնչեցրել, ինչի կապակցությամբ քարոզարշավի մասնակիցներից ՎՊ․-ն վիրավորական ժեստ է կատարել։ Iravaban.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից։

Այնուհետև, ՎՊ-ն, ԳՇ-ն, ԼՆ-ն և քարոզարշավի 10-ից ավելի մասնակիցներ բարձրացել են կայարանի կառամատույց, որտեղ հայհոյանքներ են հնչեցրել մեքենավարի հասցեին, ՎՊ-ն և ԳՇ-ն նաև քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով կայարանի շրջադարձային ԴԵՊՈ-ի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

Նախաքննության ընթացքում ԼՆ-ի, ՎՊ-ի և ԳՇ-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment