ԵՄ, ԵԱՏՄ և հանրաքվե. ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Պուտինը — Հայաստանի Հանրային Ռադիո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրամիության հետ երկրի մերձեցման գործընթացը որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության կամ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ: Այս մասին կառավարության ղեկավարն ասել է սեպտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը հայտարարություն չի արել ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին։ Նա ընդգծել է, որ իրավական հիմքերի, պայմանագրային բազայի ուսումնասիրությունը ցույց է տվել՝ ԵՄ-ի հետ ընթացող գործընթացներով որևէ իրավական խախտում չի արվել ոչ ՌԴ-ի, ոչ էլ ԵԱՏՄ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունների տեսանկյունից։

Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու հարցով հնարավոր հանրաքվեի թեմային՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ համապատասխան օրենքի ընդունմամբ կառավարությունը փաստացի հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ Հայաստանում նման ընտրության պահը դեռևս «հասունացած չէ»։

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ պաշտոնական Երևանը բարձր է գնահատում և առանձնակի հոգատարությամբ է վերաբերվում Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններին՝ ձգտելով պահպանել կառուցողական երկխոսությունը։

Ի պատասխան ՀՀ վարչապետի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է հստակեցնել Երևանի դիրքորոշումը դեպի Եվրամիություն ինտեգրվելու հարցում։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ Մոսկվային հստակություն է պետք երկկողմ հարաբերությունների հետագա ընթացքը պլանավորելու համար։ Որպես հարցի հստակեցման լավագույն տարբերակ՝ Պուտինն առաջարկել է անցկացնել հանրաքվե՝ հարցնելով քաղաքացիների կարծիքը։

Leave a Comment