Կառավարությունը խոստանում է մինչև 2031 թվականը արդիականացնել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը

Վերջին շաբաթներին Հայաստանի ազգային փոստային օպերատոր «Հայփոստ»–ը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում՝ ընկերության տնօրենի աշխատավարձի վերաբերյալ մամուլի հրապարակումներից հետո։ Խորհրդարանում թեմայի բուռն քննարկումների ֆոնին կառավարության հնգամյա ծրագրում առանձին դրույթով ամրագրվել են «Հայփոստ»–ից ակնկալիքները մինչև 2031 թվականը։

Գործադիրը կարդիականացնի փոստային և լոգիստիկ ենթակառուցվածքները և կվերափոխի «Հայփոստ»-ի կառավարման մոդելը։ Խորհրդարանի հաստատած՝ կառավարության հնգամյա ծրագրում առանձին հոդվածով ձևակերպված են մինչև 2031-ը «Հայփոստ»-ից ակնկալիքները՝ կառավարման առավել արդյունավետ մոդելի ընտրություն, ծառայությունների ամբողջական թվայնացում, գործառնական և ֆինանսական արդյունավետության բարձրացում, փոստային կապի ունիվերսալ ծառայության որակի, հասանելիության և մատչելիության ապահովում։

Ուշագրավ է, որ 2021-2026 թթ․ կառավարության ծրագրում ևս կար Հայաստանի ազգային փոստային օպերատորին վերաբերող  հատված, սակայն ավելի չափելի խոստումներով՝ 850 փոստային բաժանմունքներում պետական ծառայությունների մատուցում, ընդլայնում, էլեկտրոնային և պետական ծառայությունների, փոստային բաժանմունքների արդիականացում և վերազինում։ Թե որն է լինելու կառավարման ավելի արդյունավետ մոդելը «Հայփոստ»–ի համար, կառավարությունը դեռ չի մանրամասնում, փոխարենը խորհրդարանի առաջին նստաշրջանում բուռն քննարկվեց դրա արդիականացված լինել-չլինելու հարցը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Մնացականյան․

«Պատկերացնում եք՝ «Հայփոստ»-ը պատկանում է ԲՏԱ նախարարությանը։ ԲՏԱ նախարարությունը 19-20-րդ դարի ընթացակարգով է շարժվում տպագիր չեն տպում։ Ու իմ փաստաթղթերը կորան, և այդ փաստաթղթերը եթե ես նորից հանեի, պիտի դիմեի տարբեր կառույցների, տարբեր մարդկանց, որ կարողանայի վերականգնել ու գումար ստանալ իմ հաճախորդից»։

Իշխանության ներկայացուցիչները փոստային բոլոր ծառայությունները թվայնացնելու խոստմանը զուգահեռ պնդեցին՝ «Հայփոստ»-ի ներկա վիճակը պետք է գնահատվի այն ժառանգության համատեքստում, որը ստացել են գործող կառավարիչները։ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ ընկերությունը նախկինում եղել է ծանր վիճակում, և ներկա աշխատանքը պետք է դիտարկվի այդ առումով․

«Ոնց որ Գրոզնին լիներ պատերազմից անմիջապես հետո»։

Լրատվամիջոցների տեսանկյունից, սակայն, գլխավոր ինտրիգը ոչ թե համակարգային փոփոխություններն էին, այլ այն, որ ընկերությունը գաղտնի է պահում, օրինակ, 2024-ին «Հայփոստ»-ի տնօրենի ընտրության մանրամասները, չի հստակեցնում, թե բացի տնօրեն ընտրված Շուշան Ալեքսանյանից, քանի անձ է մասնակցել թափուր հաստիքի համալրման մրցույթին, կամ թե ինչպես է ձևավորվել, և ովքեր են ընկերության տնօրենի խորհրդականները։

ԲՏԱ նախարարությունը հրաժարվել է պատասխանելուց նաև հարցին, թե ովքեր են եղել մրցութային հանձնաժողովի անդամները։

Շուշան Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը 118 մլն դրամ է՝ ամսական 3,6 մլն դրամ կամ շուրջ 10 հզր դոլար։ Թե ինչպես, ինչ բանաձևով է որոշվել աշխատավարձի չափը, ընկերությունը չի մանրամասնել։ Հայկ Կոնջորյանը, սակայն, պնդել է, որ աշխատավարձի վերաբերյալ շրջանառվող թվերը չեն համապատասխանում իրականությանը։

«Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է երբևէ։ Իմ կինը «Հայփոստ»-ի տնօրեն չի նշանակվել պարզապես ուրիշ տեղից գալով։ Ինքը «Հայփոստ»-ում եղել է վարչության ղեկավար։ Հետո եղել է մրցույթ, մասնակցելով այդ մրցույթին՝ մրցութային խորհրդի կողմից ընտրվել է «Հայփոստ» ընկերության տնօրեն»։

Բանավեճի հաջորդ առանցքն այն է, թե արդյոք «Հայփոստ»-ը ֆինանսավորվում է պետական բյուջեից։

Բաբկեն Թունյան․««Հայփոստ»–ը պետական բյուջեից ֆինանսավորում չի ստացել»։

Ընդդիմադիր պատգամավորները հակադարձում են՝ հիշեցնելով կառավարության որոշմամբ՝ ընկերությանը հատկացված միջոցների մասին։ «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյան․

«Դուք գիտակցել եք, որ «Հայփոստ»-ը կսնանկանա, կփակվի այդ ընկերությունը, ու կառավարությունը գիտակցել է ու այդ գումարը տվել է՝ ֆինանսավորումը»։

«Հայփոստ»-ի տնօրեն Շուշան Ալեքսանյանը ֆեսյբուքյան գրառմամբ էր արձագանքել ստեղծված իրավիճակին՝ շեշտելով, որ ընկերությունը 2025 թվականին փաստացիորեն ֆինանսական վնաս չի ունեցել․

«Շուրջ 500 մլն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Ընկերությունը, առավել ևս պետությունը փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել, հիմք՝ արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվությունը։ Իմ ղեկավարության ընթացքում՝ 2025 թվականին, ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 մլն դրամով»։

Հայաստանյան փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»–ը 2006–ին հանձնվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերության հավատարմագրային կառավարմանը։ 2020–ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվել էր, իսկ ընկերությունը՝ վերադարձել պետական կառավարման։

«Հայփոստ»–ն ունի չորս դուստր ընկերություն։ Դրանցից մեկը փոստային օպերատորի ամերիկյան մասնաճյուղն է, մյուսը՝ մանրածախ առևտրի և հարակից ծառայությունների ոլորտում գործող ընկերությունը։ «Այնովեյշն»–ը զբաղվում է ծրագրային ապահովմամբ և ՏՏ լուծումներով, իսկ «ԷյչՓի Լոջիստիկս» ՓԲԸ-ն՝ փոխադրման ծառայություններով։

«Հայփոստ»–ն ունի շուրջ 800 փոստային բաժանմունք և ավելի քան 3․500 աշխատակից։

Leave a Comment