Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկվել է Երևանի քրեական դատարան․ ԶԼՄ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործն Արմավիրի մարզի դատարանից ուղարկվել է Երևանի քրեական դատարան, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Դատական դեպարտամենտից թերթին հաստատել են, որ գործն այսօր ստացվել է Երևանի քրեական դատարանում։ Մակագրման մասին տվյալներ այս պահին դեռևս առկա չեն։

Փետրվարին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ, նրա նկատմամբ կիրառվել էր նաև երկրից բացակայելու արգելք։ Կաթողիկոսին և վեց բարձրաստիճան հոգևորականի մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մեջ՝ կապված կարգալույծ արված Գևորգ Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մնալու հետ։

Գործով առաջին դատական նիստը նշանակված էր օգոստոսի 7-ին՝ Վաղարշապատում, սակայն մոտ 20 րոպե անց ընդհատվել էր՝ դատավոր Հակոբ Մանուկյանի ինքնաբացարկից հետո։ Օգոստոսի 28-ին դատավոր Սերժ Ռուշանյանը մերժել էր նիստերը դռնփակ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ նա որոշել էր քրեական գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ տարածքային ընդդատության հարցով։

Հայ Առաքելական եկեղեցին և մեղադրյալների պաշտպանները քրեական հետապնդումը համարում են պետության միջամտություն եկեղեցու ներքին կանոնական հարցերին և հայտարարում դրա քաղաքական դրդապատճառների մասին։

Դիտեք նաև՝

«Հանրային խայտառակություն», «չեմ հետևում»․ քաղաքացիները՝ կաթողիկոսի դատի մասին

Leave a Comment